«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած նոյեմբերին ՔՊ վարչության որոշմամբ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը, ով 2018-ի «հեղափոխության» ակտիվ մասնակիցներից էր, Փաշինյանի մոլի աջակիցը, հեռացվեց կուսակցությունից։

Չնայած ՔՊ-ականները գերադասեցին լռել նրան հեռացնելու պատճառների մասին, ինքը՝ Ասիլյանն էլ հայտարարեց, թե իբր պատճառը եղել են արցախցիների վերաբերյալ իր գրառումները, մասնավորապես այն, թե ովքեր վարչապետի դեմ ցույց են անում, պետք է վերադառնան իրենց տեղերը, սակայն ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ականին հեռացնելու պատճառներն այլ են, նրան ոչ միայն պետք է հեռացնեին, այլեւ նա իրավապահների տեսադաշտում պետք է հայտնվեր, քանի որ ներքաշվել է կոռուպցիոն գործարքների մեջ, բազմաթիվ քաղաքացիներից գումար է շորթել՝ շինթույլտվությունների համար «վերեւներին» միջնորդելու նպատակով:

Ընդ որում, խոսքը մեծ գումարների մասին է՝ 500-700 հազար դոլարի, սակայն խոստումները չի իրականացրել, կոռուպցիոն շղթան ինչ-ինչ պատճառներով ընդհատվել է, եւ նա հայտնվել է Փաշինյանի սեւ ցուցակում»: