«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արդարադատության նախարարությունն է շատ օրինագծերի, տույժ-տուգանքները, պետական պարտադիր վճարներն ավելացնելու նախագծերի հեղինակն ու նախաձեռնողը: Օրերս արդարադատության փոխնախարարն էր խորհրդարանում ներկայացնում արվեստի եւ այլ ոլորտների գործիչներին կոչումներ շնորհելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը եւ առաջարկում էր հրաժարվել բոլոր կոչումներից: «Հրապարակի» զրուցակիցն արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է։

 
 

- Պարոն Մինասյան, Ձեր տեղակալն ԱԺ ամբիոնից նախօրեին զեկուցելով կոչումներից հրաժարվելու մասին օրինագիծը՝ դա հիմնավորեց այսպես. Նիկոլայ Ծատուրյանը, Փարավոն Միրզոյանը, Վլադիլեն Բալյանը հանրության կողմից ճանաչված չեն որպես ժողովրդական արտիստներ, ուստի այդ կոչումներն անիմաստ են` պետք է վերացնել։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

- Արդարադատության նախարարությունը շատ արագ պարզաբանում տարածեց, որոշ անհատներ եւ լրատվամիջոցներ, կարծում եմ, անհարկի խեղաթյուրել էին նախարարի տեղակալի խոսքերը։ Ասածը նրանում էր, թե այդ վաստակավորի կոչումներն ինչպես են տրվում, դրա ընթացակարգը թափանցիկ չէ, բաց չէ, դրա համար էլ օրենսդրությունը լավարկվում է, իսկ կոնկրետ անուններ նշելով՝ ուղղակի փորձ էր արվում բացատրել, որ, օրինակ, մենք գիտենք, որ այս կամ այն մարդը հարգարժան մարդ է, մշակույթի, արվեստի կամ իրավաբանության ոլորտում շատ հարգված մարդ է, բայց, ցավոք սրտի, մեր քաղաքացիները չգիտեն՝ X հարգված մարդն ունի՞ վաստակավորի կոչում, թե՞ չունի։ Սա էր ամբողջ խնդիրը։ (Նկատենք, որ այդ պարզաբանումն ուղղակի աղմուկը հանդարտեցնելու միջոց էր, եւ փոխնախարարը բառացիորեն ասել էր այն, ինչը հանրային քննադատության արժանացավ, եւ նախարարությունը փորձել էր «կրուտիտով» այլ կերպ ներկայացնել փոխնախարարի խոսքը` Կ. Ս.):

- Եթե այդ ընթացակարգերը թափանցիկ չէին, ի՞նչն էր Ձեզ խանգարում ընթացակարգերը թափանցիկ դարձնել, այլ ոչ թե կոչումներն ընդհանրապես վերացնել։

- Խանգարում էր, որովհետեւ, իմ համոզմամբ, դրանք հետամնաց կարգավորումներ են՝ Խորհրդային Միությունից մնացած, եւ չեն թողնում, որ այլ` մրցութային նաեւ, ինչո՞ւ ոչ, ատեստավորման համակարգերով, մրցանակաբաշխությունների միջոցով էլ ավելի մեծ ջանք դրվի, որպեսզի իրականում մեր արժանավոր մարդկանց գնահատման մեխանիզմ ստեղծվի։ Իմ կարծիքով՝ տասնամյակներով ստեղծված էր ոչ լավ համակարգ, որտեղ ինչ-որ փորձագիտական խումբ մի քանի հոգով որոշում էին, օրինակ, Պողոս Պողոսյանն արժանի՞ է այդ կոչմանը, թե՞ ոչ։ Մյուս մեր վաստակավոր, արժանավոր մարդկանց մոտ, կարծում եմ,  անարդարության էմոցիա էր ստեղծվում։

- Դուք ասում եք, որ ինչ-որ մասնագիտական խմբեր որոշել են, թե ովքեր են վաստակավոր, իսկ ովքեր՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանն էլ ինչ-որ մարդկանց «Մեր ժամանակների հերոս» է հռչակում` միանձնյա։ Հիմա ո՞վ որոշեց, որ այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են։

- Ես անձամբ մասնակցել եմ «Մեր ժամանակների հերոսը» միջոցառմանը, եւ բոլոր այդ տեսանյութերով եւ մարդկանց արած աշխատանքով, որպես ՀՀ քաղաքացի, թափանցիկ տեսել եմ, թե ինչեր են արել այդ մարդիկ եւ ինչի են արժանացել, իսկ վաստակավորի կոչումը որեւէ մեկի համար թափանցիկ չի եղել, ուղղակի մի օր զարթնել են, տեսել են, որ ինչ-որ մարդ ստացել է, բայց, բնականաբար, այդ ստացած մարդկանցից մեծ մասն իրական, բնական արժանի է այդ կոչումներին, ուղղակի մեխանիզմը խեղաթյուրվել է, եւ կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք գնանք եվրոպական, միջազգային չափանիշներին եւ այս հարցում նույնպես ունենանք նշաձող, որին պետք է հասնել։ Ի դեպ, այդ փոփոխությունների եւ նախագծի քննարկումների ժամանակ երեւի 90 տոկոսով բոլորը համակարծիք են եղել, որ սիստեմը լավ չի աշխատում, պետք է լավարկել, միակ մտահոգությունը, որ ինքնակառավարող մարմիններն առաջարկել են, այն է, որ հանկարծ չեղյալ չարվեն նախկինում տրված կոչումները, այսինքն՝ մարդը մի օր չզարթնի տեսնի, որ իր կոչումը չեղարկվել է։ Մենք դա պահել ենք, եւ մի մասին բյուջեով նախատեսված ինչ-որ աջակցություններ էին տրվում, դրանք նույնպես պահպանել ենք։

- Կարծիք էլ կա, որ վաստակավոր ու ժողովրդական արտիստներ պետք են, ու պետությունը պետք է նրանց աջակցի, որպեսզի երեխաներն ուզենան նրանց նմանվել, այդ մարդիկ լինեն եկող սերունդների համար օրինակ։

- Շատ բարդ եւ փիլիսոփայական հարց եք տալիս։ Իմ կարծիքով՝ որոշում է, ի վերջո, ժողովուրդը, եւ մինչեւ սոցիալական ցանցերը, մինչեւ առաջին հերթին հանրային հասանելիության ամրապնդումը շատ դժվար էր, իսկ այսօր շատ տեսանելի է՝ ժողովուրդը սիրո՞ւմ է կոնկրետ մարդուն, թե՞ չի սիրում, նմանվո՞ւմ է, թե՞ չի նմանվում։ Այլ հարց է, որ կրթական, մեր մշակութային արժեքների բարձրացման, որակի ստանդարտի սահմանումներով է, որ պետք է այդ նշաձողն էլ ավելի բարձրացվի, որովհետեւ այդ շատ հասանելիությունը եւ ինֆորմացիայի առկայությունը մի կողմից լավ է, մյուս կողմից բարդացնում է հենց քաղաքականություն մշակողների գործը։