Մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ուղեկցող փաստաթղթերի համաձայն' Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղափոխվեին մի քանի ապրանքներ, այդ թվում' սուրճ, հանքային ջուր և այլն:
Մաքսային հսկողության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընկերությունները բեռն ուղեկցող փաստաթղթերում սուրճի քաշը նշել են ավելի շատ, քան փաստացի առկա է եղել բեռնատարում, իսկ այլ' ավելի էժան արժեք ունեցող ապրանքների քաշը, ցույց են տվել փաստացի բեռնատարում առկա քաշից ավելի քիչ։
Ըստ էության, բեռնատարում առկա ապրանքների ընդհանուր քաշը պահպանելով' ընկերությունները փաստացի չտեղափոխվող, սակայն ավելի թանկ արժեք ունեցող ապրանքը' սուրճը, փորձել են ձևակերպել իբրև ՀՀ-ից արտահանվող ապրանք:
Արդյունքում, նկարագրված սխեմայի միջոցով փորձ է արվել արտահանել ընդհանուր շուրջ 17 տոննա փաստացի բեռնատարում չգտնվող սուրճ, որը մաքսային մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխարգելվել է:
Պետական եկամուտների կոմիտեի նախնական գնահատմամբ նշված ապօրինի սխեմայի նպատակն է եղել՝ ընկերությունների ապրանքային մնացորդները ստվերային եղանակով ՀՀ տարածքում իրացնելը' քողարկելով դրանք ԵԱՏՄ երկրներ արտահանման փաստաթղթավորմամբ' միաժամանակ հետ ստանալով ձեռքբերման ԱԱՀ-ի գումարները և հետևաբար թաքցնելով նաև ՀՀ տարածքում սուրճի վաճառքից առաջացող ԱԱՀ-ն:
Ներկայումս Կոմիտեի կողմից իրականացվում են բազմակողմանի միջոցառումներ' դեպքերի ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ տարատեսակ սխեմաների կիրառումից, քանի որ նման ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառվելու է հարկային և մաքսային վարչարարության ամենախիստ գործիքակազմը: