«Փաստ» օրաթերթը գրում է.

2022 թվականի ցուցանիշների համեմատ՝ անցած տարի տնտեսական աճի դինամիկայի նվազումն ակնհայտ է։ Եվ եթե նկատի ենք առնում, որ 2022 թվականին գրանցված 14,2 % աճի համեմատությամբ 2023 թվականը փակվեց ընդամենը 9,4 % ցուցանիշով, ապա գործ ունենք 4,8 %-ի չափով անկման հետ, ինչը լուրջ ցուցանիշ է։ Ընդ որում, աճի միտումների նվազումն առավել ցայտուն է հատկապես անցյալ տարվա երկրորդ եռամսյակից։

Սպասվում է, որ այս տարի ևս նվազման այս միտումը կպահպանվի։ Պատահական չէ, որ մասնագիտացված կառույցները հիմնականում ոչ լավատեսական գնահատականներ են հնչեցնում ՀՀ տնտեսական աճի տեմպերի դինամիկայի հետ կապված։ Օրինակ՝ Կենտրոնական բանկը 2024 թվականի համար կանխատեսում է համեմատաբար ցածր՝ 6,1 տոկոս տնտեսական աճ այն պայմաններում, երբ 2024 թվականի բյուջեի հիմքում դրված է 7 տոկոս տնտեսական աճի մասին կանխատեսումը։ Իսկ ահա «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ, 2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6 %։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ էլ այս տարի Հայաստանը 5 % աճ կարձանագրի։ Առավել վատատեսական է Համաշխարհային բանկի կանխատեսումը։ Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, թե 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի ընդամենը 4,7 %։