«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով, հրաժարվում է ՀՀ կառավարության տնօրինության ներքո ընդունել Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ավտոպարկը, եւ այդ մեքենաները մնացել են կայանված տարբեր կայանատեղիներում։ Փոխարենը ՊՆ ռազմական ոստիկանությանը հրահանգել են խլել արցախցիների սեփականությունը հանդիսացող մեքենաները:
Բանն այն է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող որոշ մեքենաներ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, երբ արցախցիները հարկադրված տեղահանվում էին, մասնավորեցվել են, որ մարդիկ Հայաստան բերեն ոչ թե իրենց հնամաշ մեքենաները, այլ ՊԲ-ին սպասարկող ավելի թարմ ու սարքին մեքենաները: Իմաստը եղել է այն, որ սարքին մեքենաները չթողնվեն թշնամուն: Դա արվել է հստակ հրամաններով' արագացված կարգով, մի քանի ժամում տասնյակ մեքենաներ փաստաթղթավորվել են, հանձնվել մարդկանց, որոնք, տունուտեղը թողած, մի մեքենայով մազապուրծ հասել են Հայաստան:
ՃՈ-ն տեխզննման կտրոններ է տրամադրել, տրանզիտ պետհամարանիշներ եւ այլն։ Սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո ՀՀ ՌՈ-ն սկսել է այդ ավտոմեքենաների «հայտնաբերման» որս, եւ հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բռնագրավել, որոնք այժմ կայանված են Ռազմական ոստիկանության կայանատեղիում: Արցախցիներից ոմանք դիմել են դատարան' համարելով, որ խախտվել է իրենց սահմանադրական՝ սեփականության իրավունքը։ Ինչ վերաբերում է օդից կախված' այլ գերատեսչությունների մեքենաներին, ապա վաղ թե ուշ դրանք Փաշինյանը կվերցնի, միայն թե, ոմանց կարծիքով, շոուներ բեմադրելով: Մնում է պարզել, թե այս թեմայի հետ կապված որ մասն է իրականացվում Ալիեւի հրահանգով, որ մասը' Ալիեւին անակնկալ նվեր մատուցելու շրջանակներում»: