«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հրապարակային կասկածի տակ է դնում ՀՀ իրավապահ մարմինների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, Գլխավոր դատախազության գործունեության պրոֆեսիոնալիզմն ու օբյեկտիվությունը՝ նշելով զոհերի մասին, ասելով, թե վհուկների որս չպետք է լինի։ Ավելին՝ երեկ հայտարարել է. «Քանի որ մամուլը վերջին օրերին բազմաթիվ անգամներ անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված եւ դատախազության կողմից հաստատված հերթական անհիմն քրեական գործին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմից հետո ձեռք բերված 2-րդ ԴՆԹ սեկվենատորին, որի շնորհիվ կրկնակի արագությամբ նույնականացվել են մեր զոհերի մարմինները կամ մասունքները, ես մոտ օրերս շատ հանգամանալից կանդրադառնամ դրան»։

Ինչո՞ւ են լռում իրավապահ մարմինները, երբ ՔՊ-ական պատգամավորը «ցեխ է շպրտում» նրանց կատարած գործունեության վրա: Միգուցե ՔՊ-ական Արսեն Թորոսյանի այս համարձակ ու հրապարակային ելույթները ավելի խորը արմատնե՞ր ունեն: Մասնավորապես, իրավապահ համակարգը անզոր գտնվեց ու մինչ օրս ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին պատասխանատվության չի կարողանում կանչել Cօvid-19-ի շրջանում փողերի լվացման գործով, ու այն մինչ օրս դոփում է տեղում, ինչն էլ Թորոսյանին հիմք է տալիս գնահատական տալ ուժայինների գործունեությանը։

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը, ՔՊ-ական պատգամավորի կողմից Գլխավոր դատախազության հարուցած գործը անհիմն համարելու հայտարարության հետ կապված, Գլխավոր դատախազությունից մեկնաբանություն խնդրեց, ինչին ի պատասխան՝ հայտնեցին, որ դատախազությունը չի մեկնաբանում»։