Նախօրեից հայաստանյան ԶԼՄ-ները, տելեգրամյան ալիքները տեղեկություններ են հրապարակում, թե մարտին սպասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստանի Հանրապետություն։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն, արձագանքելով տարածվող լուրին, ասել է, թե բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է։ Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳՆ-ն չի հերքել այդ լուրը, մինչդեռ հստակ օրեր են շրջանառվում, խոսքը՝ մարտի 4-ի մասին է։
Ուշագրավ է, որ պատերազմի մեկնարկից մինչ այս պահը Զելենսկին չի այցելել և ոչ մի հետխոհրդային երկիր: Նա ո՛չ Ղազախստանում է եղել, ո՛չ Կենտրոնական Ասիայում, ո՛չ Վրաստանում, ոչ էլ նույնիսկ Մոլդովայում, որը հայտնի է իր պրո-արևմտյան կողմնորոշմամբ։ Փորձագետները համակարծիք են, որ այս այցը Հայաստանն ավտոմատ կերպով կվերածի հետխորհրդային տարածքում ամենահակառուսական երկրի՝ Երևանին վերջնականորեն գցելով արևմտյան «դաշտ»։ Թե ինչ «կշահի» դրանից Հայաստանը՝ դժվար չէ պատկերացնել՝ Ռուսաստանի բացահայտ թշնամություն, այդ թվում՝ տնտեսական, ֆինանսական, քաղաքական, դիվանագիտական, տեխնոլոգիական, և վերջապես ռազմական առումներով։
Զելենսկու պոտենցիալ այցը ՀՀ տեղավորվում է Հարավային Կովկասում արևմտյան սցենարների շրջանակում: Արևմուտքի այդ սցենարը կայանում է նրանում, որ թուլացնի և վատթարացնի Ռուսաստանի հետ ՀՀ հարաբերությունները՝ հատկապես անվտանգության ոլորտում, միաժամանակ ընդլայնի և խորացնի կապերն այն երկրների հետ, որոնք բացահայտ ցուցադրում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու մտադրությունները։ Նկատենք, որ, օրինակ, Բաքուն չի հաստատել Զելենսկու այցի մասին շրջանառվող լուրերը: Ստացվում է, որ անգամ Կիևին ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերող Ալիևը ճիշտ է գնահատում աշխարհաքաղաքական իրավիճակը և չի ցանկանում լարել հարաբերությունները Մոսկվայի հետ: Նույնը կարելի է ասել նաև Վրաստանի մասին․ այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենք վարում են բալանսավորված արտաքին քաղաքականություն, որը բխում է վրացի ժողովրդի շահերից:
Ակնհայտ է, որ Ուկրաինայի նախագահին պատրաստ է հյուրընկալել միայն Նիկոլ Փաշինյանը, ումից էլ Արևմուտքը սարքում է երկրորդ Զելենսկի: Նրանց նմանությունը, անշուշտ, արդեն իսկ աչքի է զարնվում: Երկուսն էլ սպասարկելով Արևմուտքի օրակարգը և հավատալով արևմուտքի գեղեցիկ խոստումներին՝ փչացրին հարաբերությունները ՌԴ հետ: Կիևը ստացավ պատերազմ, տասնյակ հազարների հասնող զոհեր, ըստ ՄԱԿ տվյալների՝ 10 միլիոն փախստական: Հայաստանի դրեյֆը դեպի Արևմուտք ավարտվեց Արցախի կորստով, 5000 զոհով, 120 հազար փախստականներով և ՀՀ տարածքի զգալի մասի օկուպացիայով: Ընդ որում, թե՛ Կիևի, թե՛ Երևանի համար վտանգը դեռ առկա է: Փաշինյանի ձեռքերով և հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին Արևմուտքը ցանկանում է երկրորդ ճակատ բացել ՌԴ–ի դեմ և դուրս մղել վերջինիս Հարավային Կովկասից: Դժվար չէ կռահել, թե ինչպիսի ռիսկեր է պարունակում Հայաստանի համար նման սցենարը, Երևանը, ըստ էության, մեկ-մենակ է մնալու հակառակորդների հետ՝ չստանալով Արևմուտքի կողմից անվտանգության և ոչ մի երաշխիք: Մնում է միայն կռահել, թե ինչ են խոսելու և ինչի շուրջ են պայմանավորվելու երկու ձախողակ ղեկավարները, որոնց ապաշնորհ արտաքին քաղաքականության արդյունքում երկու ժողովուրդները հայտնվեցին անդունդի եզրին, իսկ պետականությունը և գոյությունը աշխարհի քարտեզի վրա՝ կասկածի տակ: