Այսօր Կոնդի բնակիչները բողոքի ակցիա էին անցկացնում քաղաքապետարանի շենքի դիմաց։ Նրանք դեմ էին արտահայտվում փետրվարի 28-ին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հայտարարությանը, ըստ որի՝
«Երևանի քաղաքապետարանը իրականացնում է Կոնդ թաղամասի սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներ, որոնց համար նախատեսված է սահմանված կադաստրային արժեքի վճար՝ 2 տոկոսի չափով: Այսինքն՝ սահմանների ճշգրտումից հետո քաղաքացին պետք է որպես Երևանի ավագանու որոշմամբ սահմանված տեղական տուրք՝ կատարի վճարում»։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ այսօրվանից սկսում են իրենց պայքարը, քանի որ ընտրարշավի ժամանակ Ավինյանն ասել էր՝ անվճար է լինելու, իսկ այժմ իրենց ծանր բեռի տակ են մտցնում․
«Մենք իրենց ուղարկել ենք քաղաքապետարան, որ մեր հարցերը լուծեն, մենք հո ամեն րոպե իրանց հետևից չե՞նք վազելու»,- վրդովվեց քաղաքացին։
Իսկ ակցիայի մասնակից Պողոսյան Գոհարն իր խոսքում զայրացավ․
«Կոնդեցիները քեզի աթոռիցդ թռցնելու են, թող Ավինյանն իմանա, որ իրան թռցնելու ենք։ Էն ժամանակ, որ մենք իրան պետք էինք՝ մեր ոտքերն ընկած, մեզնից խնդրում էր, որ իրեն ընտրենք, իսկ հիմա մենք իրեն դուրս կշպրտենք։ Էս ի՞նչ խաղ է, զզվել ենք արդեն, ով նստեց այդ աթոռին, մենակ իր մասին մտածեց։ Ավինյանը կգա՞ մեր պայմաններում ապրի, սենցա՞ լուծում Կոնդի հարցը։
Բոլորը մի մարդու պես ձայն են տվել իրան, ինքը Կոնդում հաղթեց, որովհետև տան հարց պետքա լուծվեր։ էս ժողովուրդը մեղք չե՞ն, բներում են ապրում, ամոթա՛, իրանք իրանց պալատների մեջ վայելում են»,- նման տեսակետով հանդես եկավ ակցիայի մասնակիցը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար։