Տեղահանվածների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները, իրավապաշտպաններն ահազանգում են՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվող արցախցիների աջակցության նոր ծրագիրը շատերին վարձով տներից բառացիորեն փողոց է գցելու։ Քառասուն ու տասը հազարական դրամը չեն ստանա չափահաս արցախցիները, երեխաները՝ կստանան, ամսական 20 հազար դրամ էլ նախատեսում են թոշակառուների ու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, սա՝ ըստ սոցապի քննարկման մասնակիցների։
Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում՝ ամեն տարի, Արցախի կարիքների համար միլիոնավոր գումարներ է փոխանցել պետբյուջե։ Տարեվերջին քննարկվում էր գումարի չափը, տարեսկզբին փոխանցվում էր Արցախ։ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Եթե այս թվին՝ 144 մլդ դրամին, գումարենք նաեւ Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրված 2 միլոն դոլարը, որը համարժեք է 820 մլն դրամի, ավելացնենք ԱՄՆ-ի կողմից տրամադրված 11 մլն դոլարը, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, նաեւ Եվրահանձնաժողովի կողմից փոխանցված 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամը, Լատվիայի կողմից հատկացված 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամը, Շվեյցարիայի կողմից տրամադրված 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամը, Կանադայի կողմից տրամադրված 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամը, կստացվի 155 մլդ 893 մլն դրամ։ Հայաստանի ցանկացած մարզում նորմալ պայմաններով տուն կամ բնակարան գնելու համար միջինում անհրաժեշտ է 50 հազար դոլար։ Առանց Հայաստանի բյուջեի հավելյալ ծախսի, եթե ստացված գումարը բաժանեն 50 հազար դոլարի համարժեք դրամի, այսինքն՝ 20 մլն դրամի, կստացվի 7 հազար 794: Այսինքն՝ արցախահայերի համար Հայաստան եկած գումարների եւ բյուջեի կանխատեսվող փոխանցումների արդյունքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար կարող ենք գնել 7794 հատ տուն կամ բնակարան։ Բայց արի ու տես, որ իշխանություններն արցախահայերին ընդամենը կոպեկներ են հատկացնում՝ փաստացի ձեռքերը լվանալով նրանց խնդիրներից:
Ակնհայտ է, որ այս քաղաքականությունը պատահականություն չէ: Նիկոլ Փաշինյանն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի իր ապիկար քաղաքականության արդյունքում տունն ու տեղը կորցրած և Հայաստանում ապաստանած արցախցիներն այժմ էլ ստիպված լինեն արտագաղթել Հայաստանից: Իսկ պատճառները պարզ են՝ Փաշինյանին բնավ պետք չէ, որպեսզի Հայաստանում բնակվի իր դեմ օբյեկտիվ պատճառներով բացասաբար տրամադրված և հիմնականում ընդդիմադիր հայացքներ ունեցող 120 հազար արցախցի: Ընտրությունների ժամանակ նրանց քվեն կարող է կանխորոշել Փաշինյանի հետագա քաղաքական ճակատագիրը: Բացի այդ, քանի դեռ ՀՀ տարածքում առկա են կոմպակտ բնակվող արցախցիներ, մշտապես բաց է լինելու Արցախի թեման, Արցախի վերադարձի թեման, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ ո՛չ Փաշինյանին, ո՛չ նրա «կիրթ» գործընկեր Իլհամ Ալիևին: Եվ հենց այս պատճառներից ելնելով էլ ՀՀ իշխանություններն իրենց քաղաքականությամբ դրդում են արցախցիներին հեռանալ Հայաստանից և համալրել հայկական սփյուռքը՝ փաստացի իրականացնելով հայաթափման ծրագրի հերթական արարը...