«Փաստ» օրաթերթը գրում է.

Գյուղատնտեսության ոլորտի մասին խոսում են մարդիկ, որոնք կա՛մ գյուղից տեղյակ չեն, կա՛մ էլ նախկինում կոռուպցիայի մեջ թաթախված են եղել: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն է «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնում: «Պետությանը միլիոնավոր դոլարների վնաս տված մարդիկ նորից գլուխ են բարձրացրել ու գյուղատնտեսության ոլորտի մասին են խոսում»,-նշում է ոլորտի փորձագետը:

Անդրադառնում ենք հարցին, որ, կարծես թե, ամեն հնարավոր որոշմամբ միտում կա էլ ավելի ծանրացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր քաղաքացիների ֆինանսական բեռը: Օրինակ՝ վերջերս «Փաստը» գրել էր, որ «գյուղատնտեսությամբ զբաղվողները ևս հարմար պահի կհարկվեն», մասնավորաբար՝ գյուղմթերք արտադրողներն աճեցրած ամեն կիլոգրամ բերքի համար հարկ կվճարեն: «Այն անգրագետը, թույլ տվեք այդ բառն օգտագործել, որը ցանկանում է ավելացված արժեքի հարկ մտցնել, թող պատմությունն ուսումնասիրի: Կամ էլ մեկ ուրիշ տարբերակ կա՝ Հրանտ Բագրատյանը ողջ է, թող իրեն հարցնեն ու իմանան, որ հողի հարկի մեջ ներառված էր գյուղմթերքի ավելացված արժեքի հարկը: Այդ հարկը կա հողի հարկի մեջ, այլ հարց է՝ եթե ամեն ինչ անում են, որ գյուղացուն թալանեն: Ի դեպ, գյուղացուն թալանելու մասին: Թող ուշադրություն դարձնեն բանկերի կողմից տրվող վարկերին, տոկոսադրույքը դարձել է 18 տոկոս: Քսան տարի հետ ենք գնացել, այն ժամանակ էր գյուղվարկերի տոկոսադրույքը 18 տոկոս: Այսօր գյուղացուն առաջարկում են 14-ից 18 տոկոսով վարկեր: Իսկ ի՞նչ եղավ պետության հովանավորումը, վարկերի սուբսիդավորումը, այդպես էլ չիմացանք, թե անտոկոս վարկերն ովքե՞ր ստացան և ի՞նչ արեցին: Ընդամենը մեկ ուսումնասիրություն պետք է արվի, ինչո՞ւ կառավարությունը դրանով չի զբաղվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Էկոնոմիկայի նախարարության շուրջ առաջացած սկանդալին անդրադառնալով՝ Բերբերյանն ընդգծում է՝ ցույց տվեք մի նախարարի, որը տեղյակ չէ անցկացվող մրցույթներից: «Անկախ հանձնաժողովները հենց այդ նախարարն է ստեղծում: Բավական է ժողովրդին ձեռք առնեն: Վերջերս հայտարարեցին, որ ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակներում խարդախությամբ պետական միջոցներ են հափշտակվել, ինձ էլ առաջարկեցին որպես փորձագետ հանդես գալ, բայց հրաժարվեցի, որովհետև խայտառակ վիճակ էր: Տնկանյութի արժեքը մոտ 10 անգամ թանկացված էր: Նորից վերադառնամ անտոկոս վարկերի հարցին՝ ո՞ւր են դրանք: Մարդիկ փող են լվացել, այդքան բան»,-ասում է փորձագետը:

Բայց լինում են արտաքինից լավը թվացող ծրագրեր, որոնք ներդրման և իրականացման փուլում ձախողվում են: Բերբերյանը բացատրում է, թե ինչու: «Շատ վատն է Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում: Ոչ մասնագետները դարձել են փոխնախարարներ և պաշտոնյաներ: Բնագավառը պետք է հմուտ մարդկանց ձեռքում լինի: Եթե լավ ես աշխատում, երկրին օգուտ ես տալիս: Այն ժամանակ մեր չափի մեջ լավ էինք ապրում: Չափի մեջ է գեղեցկությունը, ոչ թե թալանի: Օրինակ՝ ո՞վ է էկոնոմիկայի այժմյան նախարարը, իմ, գյուղացիների համար մի անհայտ երևույթ: Քերոբյանին գոնե դեմքով ճանաչում էինք: Գյուղացին այսօր ուզում է օգտվել առաջադիմական տեխնոլոգիաներից, գիտե՞ք, թե որքան շատ բանի կարիք այսօր ունեն: Իրանը մեր հարևանն է, մեկնեցինք, պայմանագրեր ստորագրեցինք, Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներն ինձ հետ շփման մեջ են:

Իրանը պետական երկիր է, այնտեղ պետությունը շատ ուժեղ է, բիզնեսմենները չեն կարողանում առանց պետության աշխատել, թույլ չեն տալիս: Հիմա արգելել է պարարտանյութի արտահանումը: Բայց եթե վարչապետը զանգահարի Իրանի նախագահին, առաջարկի ամեն տարի այսինչ գումարով մեր գյուղացուն իքս քանակի պարարտանյութ տրամադրել, Իրանի ղեկավարությունն, իհարկե, կընդառաջի: Արտահանումներն Իրանի դեպքում վերահսկվում են պետության կողմից: Այսինքն, պետք է գործ ունենանք պետության հետ: Կամ՝ ասում են Ռուսաստանը կանջատի գազը, իսկ այլընտրանքն Իրանն է, բայց մեր ղեկավարությունը պետք է նորմալ բանակցի հարևան երկրի ղեկավարության հետ: Մյուսը՝ Լարսի փակման հարցն է, այն ահռելի վնաս է հասցնելու: Բայց չէ՞ որ էկոնոմիկայի նախարարությունը լաստանավեր էր գնել, ինչո՞ւ դրանք չեն գործում: Կառավարության ո՞ր անդամն է վարելու այդ լաստանավը, ուղղակի իմանանք, թե ո՞վ է, իր համար նավաստու համազգեստ գնենք, հետո էլ ամեն տեղ կասենք, որ նավաստի նախարար ունենք: Լավ, սա ի՞նչ է: Պետք է գործ անել, բայց ոչ թե գնալ ու արտագնա աշխատանքի մեկնողներին հարկել: Ի՞նչ է, ուզում են, որ այդ մարդիկ ընտանիքներին հավաքեն ու գնա՞ն: Սա է դավաճանությունը, ամեն ինչ անել, որ գյուղերը դատարկվեն»,-հավելում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ոլորտը ոտքի հանելու համար պետք է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, բայց այն պետք է աշխատեցնեն, կադրերի ընտրությունը կատարեն բանիմաց մարդիկ: «Իսկ արդյո՞ք Նիկոլը կուզենա ու կընտրի բանիմաց կադրերի, իհարկե, ոչ, իսկ այս կադրերով ոլորտը շատ երկար կյանք չունի: Գյուղատնտեսությունը պետք է «աշխատի» ժողովրդի համար: Եթե գյուղացին լավ ապրի, ժողովուրդն էլ լավ կապրի: Պետք է ստեղծել և այդ ստեղծածը վայելել: Հինգից յոթ տարվա միջակայքում հնարավոր է ոլորտը ոտքի կանգնեցնել: Անասնապահության դեպքում մանր եղջերավորների ոլորտը 2-3 տարում ոտքի կկանգնի, իսկ խոշորը՝ հինգ տարում: Միամյա կուլտուրաների դեպքում ամեն ինչ ավելի արագ կարող ենք անել՝ 1-2 տարում արդյունքը կերևա, բայց այստեղ պետք է ուշադիր լինենք, որ կարողանանք գյուղմթերքի վերամշակում անել: Ամեն երկրում դրա թարմ վաճառքը կազմում է 20-ից 30 տոկոս՝ ներքին շուկա և արտահանում, մնացածը պետք է վերամշակել: Իսկ մեզ մոտ բանջարեղենը մնում է այգիներում: Մյուս կուլտուրաների դեպքում ժամանակ է պետք: Ամեն ինչ էլ կարող ենք անել, եթե ոլորտը ղեկավարեն բանիմաց մասնագետներ»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ