Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը 2024 թվականին կպահպանվի։ Այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության կողմից հրապարակված սպառնալիքների ամենամյա գնահատման մեջ։ Զեկույցի հեղինակների կարծիքով՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի կորուստը փոքր-ինչ նվազեցրել է անկայունության մակարդակը, սակայն ամբողջությամբ չի վերացրել ռիսկերը: Նոր հակամարտության հավանականությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ խաղաղության պայմանագրի բացակայություն, երկու երկրների զինվորականների դիրքերի միջև կարճ հեռավորություն, հրադադարի վերահսկման մեխանիզմի բացակայություն, Բաքվի կողմից ռազմական ուժ կիրառելու պատրաստականություն։ ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ադրբեջանն իր առջև դրված նպատակներին հասնելու համար շարունակելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա, Բաքուն մասնավորապես ձգտում է արտատարածքային միջանցք ստանալ դեպի Նախիջևան, ինչը նույնպես մեծացնում է զինված բախման վտանգը:
Այս զեկույցի ֆոնին պետք է առանձնացնել ԱՄՆ-Ադրբեջան խորացող ռազմավարական համագործակցությունը՝ տնտեսական և անվտանգային ոլորտներում: Այս համագործակցության հիմնական ուղղություններն են՝ Ադրբեջանում նավթի և գազի հատվածի զարգացումը, նոր խողովակաշարերի կառուցումն ու շահագործումը, Արևելք-Արևմուտք միջանցքի երկայնքով ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը և ոչ նավթային հատվածում փոխադարձ առևտրի ընդլայնումը։ Այսօր ևս Ադրբեջանն ԱՄՆ-ի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է Հարավային Կովկասում։ 2020 թ.-ը, և մասնավորապես՝ Արցախյան երրորդ պատերազմը, ըստ Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերությունների ռազմավարության, «հիմնովին փոխել է աշխարհաքաղաքական կարգը Հարավային Կովկասում՝ բարձրացնելով Ադրբեջանի հետ մեր [ԱՄՆ-ի – խմբ.] երկկողմ հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում՝ ԱՄՆ ռազմավարական շահերին հասնելու համար»։ Ընդ որում, ըստ փաստաթղթի, Ադրբեջանը պետք է հավասարակշռի Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ջանքերը՝ ընդլայնելու իրենց համապատասխան տարածաշրջանային ազդեցությունը: Մեկ այլ օրինակ՝ Foreign policy in Focus գիտահետազոտական կենտրոնի փորձագետները նշում են, որ ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանը համարում են «Եվրասիայի էներգետիկ քաղաքականության էպիկենտրոն»:
ԱՄՆ ազգային հետախուզության կողմից արված զեկույցից կարելի է հետևություն անել, որ Արևմուտքի հովանու ներքո ընթացող խաղաղության գործընթացը տապալվել է և հասցրել նոր պատերազմի: Եվ երկրորդ՝ մեր համար ոչ պակաս մտահոգիչ հետևությունը, Բաքվի դերը ԱՄՆ էներգետիկ շահերը սպասարկելու տեսանկյունից տարածաշրջանում չի կարելի գերագնահատել: Վաշինգտոնյան հետազոտական կենտրոնները, քաղաքական իսթեբլիշմենթը վկայում են, որ Հարավային Կովկասում ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը Բաքուն է, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ սկսվի, ապա դժվար թե Վաշինգտոնն իր ռազմավարական գործընկերոջ դեմ քայլեր ձեռնարկի: Ըստ էության, Արևմուտքը, Հայաստանին հասցնելով մոտալուտ պատերազմի, հասկացնում է, որ այդ պատերազմի արդյունքում ավելի հակված է զոհաբերել Հայաստանը, ոչ թե՝ Բաքուն...