«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Քաղպայմանագիր» խմբակցությունն այսօր փակ նիստում քննարկելու է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցը։ Հիշեցնենք, որ սույն հանձնաժողովը ղեկավարում էր Գեւորգ Պապոյանը, ով անցած շաբաթ տեղափոխվեց գործադիր՝ նշանակվելով էկոնոմիկայի նախարար։
Հանձնաժողովի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ Բաբկեն Թունյան, ով ղեկավարում է Տնտեսական մշտական հանձնաժողովը, Հովիկ Աղազարյան՝ Բ. Թունյանի տեղակալը, Արուսյակ Մանավազյան, ով Փաշինյանի աչքն ու ականջն է խորհրդարանում, ինչպես նաեւ Տնտեսական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան՝ Ժոկոյի դուստրը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մեծամասնությունը կողմ է Ծովինարի թեկնածությանը։
Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը փոխնախագահ էլ չունի, դեռեւս երկու տարի առաջ ընդդիմադիրների միասնական բոյկոտի ժամանակ դաշնակցական Արթուր Խաչատրյանը հրաժարվեց փոխնախագահի պաշտոնից։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքն ասում է, որ մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը։ Խմբակցությունում կընտրեն թեկնածուին, ապա կներկայացնեն հանձնաժողովի ընտրությանը»: