«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստ է արել ու որոշել էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանի թեկնածությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ նիստից:
Նախ տեղեկացանք, որ, բացի Պապոյանից, այլ թեկնածուներ էլ են քննարկվել նիստին, այդ թվում՝ պատգամավոր Բաբկեն Թունյանը. վերջինս, սակայն, հենց սկզբից հրաժարվել է ու չի ցանկացել առաջադրվել նախարարի պաշտոնում:
Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե տրամադրված չի եղել պատգամավորներից մեկին տանել գործադիր, բայց նրա կադրային բանկն այնքան աղքատիկ է, որ այլ համապատասխան թեկնածու չի գտել:
Պապոյանի թեկնածությունը դնելու հարցը, կարելի է ասել, վերջին պահին՝ հենց վարչության նիստին է որոշվել:
Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Պապոյանի թեկնածությունը վարչության նիստին միանշանակ է ընդունվել՝ բոլոր անդամների կողմ քվեարկությամբ:
Նրա փոխարեն ԱԺ կմտնի Դավիթ Կարապետյանը՝ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը»։