«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն բանից հետո, երբ Երևանի պետական կոնսերվատորիայում վերջապես սկսեցին հասկանալ, որ նաև Հայաստանի ազգային երաժշտանոցի գլխին են փաշինյանական չարաղետ ամպեր կուտակվում, անհանգստության նշաններ ցույց տվեց նաև Գեղարվեստի պետական ակադեմիան: Մինչ կոնսերվատորիայում «փակ հանդիպում» էր, Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ արտահայտեց բուհի դիրքորոշումը՝ նշելով, որ ակադեմիայում չկա մեկը, որ կողմ լինի առաջարկվող «օպտիմալացմանը»:
Հարցը, նկատենք, միայն հիշատակված բուհերին չի վերաբերում: Խնդիրն ընդգրկուն է. Փաշինյանի իշխանության գլխում «հանճարեղ» միտք է ծագել, թե՝ եկեք բոլոր բուհերն ու գիտական հաստատությունները հավաքենք մի տարածքում, անունը դնենք՝ «Ակադեմիական քաղաք», իսկ ազատված ճոխ շենք-շինություններն էլ վարձակալությամբ տանք, փող շինենք: Ըստ որում, այսպես ասած՝ «Ակադեմիական քաղաքն» էլ ցանկանում են կառուցել և շահագործել... գիտական հաստատությունների, բուհերի եղած շենքերի վաճառք/վարձակալությունից ստացված հասույթով:
Եթե հակիրճ բնորոշելու լինենք իշխանության այդ «նյու-վասյուկիական» «դարի նախագիծը», ապա պետք է ասենք. «Ձյուն գա գլխներիդ ու նաև՝ այն հասարակության գլխին, որ թույլ կտա նման բան»:
Այն, ինչ հրապարակվել է՝ որպես օպտիմալացվող գիտական հաստատությունների ցանկ, ակնհայտորեն «ոտքի վրա» բստրած մի բան է: Ակնհայտ է, որ իշխանության ինչ-որ կաբինետներում մի քանի «տիկ-տոկեր»-պաշտոնյաներով նստել ու քիչ թե շատ անվանումով իրար մոտիկ ինչ նկատել են, որոշել են «միաձուլել» զմիմյանս: Աչք է ծակում և այն, որ այդ օպտիմալացման, էլ չենք ասում՝ օպտիմալացնողների առանցքային փորացավը եղել է Երևանի կենտրոնում գտնվող բուհերի հրաշալի շենքերը, կառույցները «նաղդելը», դրա վրա հնարավորինս «փող կպցնելը», ուրիշ՝ ոչինչ: «Գաղափարա-քարոզչական» շղարշն էլ այն է, թե՝ «կենտրոնը բեռնաթափում ենք»... Ի՞նչ կարելի է ասել այս ամենի կապակցությամբ:
Առաջինը՝ Պետհամալսարանի, Բժշկականի, Պոլիտեխնիկի, Տնտեսագիտականի, Կոնսերվատորիայի, Գեղարվեստի ակադեմիայի, Ագրարայինի ու, առհասարակ, մնացած բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերը կառուցվել, ստեղծվել են ու կան մեր պապերի ու տատերի, մեր հայրերի ու մայրերի, մեր վճարած հարկերի, աշխատանքի ու ջանքերի արդյունքում: Դուք ի՞նչ կապ ունեք այդ ամենի, այդ ժառանգության հետ: Դուք գնացեք, մի քարուքըռ տեղ գտեք, այնտեղ փորձեք գոնե մի բարաք կառուցել: Ձեռքներդ հեռո՛ւ մեր կրթօջախներից, մեր բուհերից, մեր բուհերի շենքերից: Դրանք ձերը չեն, ձեր հոր տնից չեք բերել, որ մի հատ էլ հիմա ձեր անձեռնահասությամբ դնեք-քանդեք, ավերեք, խեղաթյուրեք: Առավել ևս, որ դուք ինչի դիպչում եք, փչացնում եք, խաթարում, ապականում, հանձնում թշնամուն:
Երկրորդը՝ Կոնսերվատորիայի կամ Գեղարվեստի ակադեմիայի, Բժշկականի կամ Պետական համալսարանի փակվել-չփակվելը միայն տվյալ բուհերի խնդիրը չէ՛: Դա մե՛ր երկրի Համալսարանն է, դա մե՛ր Կոնսերվատորիան է, դա մե՛ր Գեղարվեստի ակադեմիան է ու այդպես շարունակ: Այդ բուհերում ուսանում են մեր զավակները, մեր ազգի այն սերունդը, որ ապագա է ստեղծելու, որքան էլ դուք ջանում եք այն ոչնչացնել:
Ժողովո՛ւրդ, մի կարծեք, թե երաժիշտներից են Կոնսերվատորիան խլում կամ օտարում, դա առաջինը ձեզանից են խլում երգարվեստ ունենալու բնական իրավունքը, խլում են մշակույթ և արվեստ ունենալու հնարավորությունը, խլում են գիտություն ու բարձրագույն կրթություն ունենալու հնարավորությունը, վերջապես:
Երրորդը՝ ասել ենք, կրկնենք. «Ակադեմիական քաղաք» իշխանական նախագիծը արկածախնդրության տպավորություն է թողնում, չմտածված է, տակուգլուխ (այնքան չմտածված, որ նույնիսկ դրա համար տեղ ընտրելիս երևաց, նախ՝ Աշտարակում էր իբր թե լինելու, հետո «մեծահոգաբար» Երևանի ծայրամասը որոշեցին «հարմարեցնել»): Դա ավելի շուտ «համակենտրոնացման ճամբարի» տպավորություն է թողնում: Տարօրինակ է նաև, որ «Ակադեմիական քաղաքի» դեռ անգամ հիմքը չգցած, այսօրվանից արդեն բուհերի արհեստական միավորման, օպտիմալացման աղմուկ է բարձրացվում:
Ի դեպ, «Ակադեմիական քաղաք», որպես այդպիսին, խորհրդային տարիներին արդեն կառուցվել է. գրեթե բոլոր հիմնական բուհերը գտնվում են Երևանի փոքր կենտրոնում, միմյանցից 5-6 րոպե քայլելու հեռավորությամբ, կենտրոնացված են վարչական մեկ շրջանում, կարելի է ասել: Հա, իսկ այդ բուհերի միջակայքում էլ Ազգային գրադարանն է: Ազգային գրադարանի շե՞նքն ինչ եք անելու, պայթեցնելո՞ւ եք, գրքերից էլ խարույկ եք վառելու և շուրջը ցատկոտե՞ք, այո՞...
Հա, հատուկ նշենք, որ ինչ վերաբերում է Երևանի «կենտրոնը բեռնաթափելուն» , ապա եթե նույն շենքերը շահագործվելու են որպես հյուրանոց, բիզնես-կենտրոն, չգիտես, թե է՛լ ինչ, կամ դրանց տեղերում թանկանոց «բազմաբնակարանային էլիտար շենքեր» են խոյանալու, ապա ի՞նչ «բեռնաթափման» մասին կարող է խոսք լինել: Առհասարակ, նման բաներ մոգոնող իշխանություններին է պետք «բեռնաթափել» պետական կառավարման համակարգից:
Իսկ գիտե՞ք, թե ինչու է Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանն այդպես կոչվում: Որովհետև այդտեղ ամենից շատն է ուսանող-երիտասարդության անցուդարձը: Հիմա ի՞նչ, կայարանի անունն էլ պիտի փոխենք, դնենք «Ծերուկ-զառամախտայի՞ն», թե՞ «ՔՊ-բիզնեսմենային»:
Ավելին, եղած բուհերը, օրինակ՝ նույն Կոնսերվատորիայի շենքը ժամանակին նախագծվել և կառուցվել է հենց երաժշտանոցի համար, համապատասխան դահլիճներով, սրահներով, նյութերով: Դուք, որ տոնական լույս կախելու համար հրապարակի շենքերի պատերը ողթ (փլավքամիչ) եք դարձրել, կկարողանա՞ք եղածին գոնե մի փոքր մոտ բան կառուցել: Բացառվո՛ւմ է: Քանդարարների «բրիգադը» չի կարող նման բան կառուցել: Փչացնել ու ավերել, այո, կարող եք: Դրանում դույզն-իսկ չենք կասկածում:
Հարցերի հարցն այլ է. ով է դա թույլ տալու: Թեպետ, մեր դեպքում ավելի տեղին է հարցը, թե մինչև որ կետն է այս քանդարարությունը հանդուրժվելու:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ