«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ այս իշխանություններն անհայրենիք են, վաղուց են ապացուցել: Նույնը կարելի է ասել նրանց այլ «որակների» մասին՝ մեծամտություն, պարտվողականություն, զիջողականություն, այս ամենին գումարած՝ աստվածանարգություն: Կոնկրետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում չի վարանել իրեն համեմատել նույնիսկ Հիսուս Քրիստոսի և անգամ Աստծո հետ ու իր առաքելությունը ներկայացնել որպես «փրկության» միսիա։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնին ընդառաջ Փաշինյանը ևս մեկ անգամ իր ու իր թիմի գործունեությունը համեմատեց Աստծու որդու գործունեության հետ։ Նույնիսկ Քրիստոսի առաքյալներն իրենց անարժան են համարել նրա հետ համեմատվելու համար։ Օրինակ՝ Պետրոս առաքյալը, իրեն անարժան համարելով անգամ խաչվել այնպես, ինչպես Տերը, ցանկություն հայտնեց խաչվել գլխիվայր։ Իսկ ահա Փաշինյանը նույնիսկ Հիսուս Քրիստոսի հարության խորհուրդը համեմատում է ՔՊ-ի «մեռնելու և հարություն առնելու» հետ ու ընդգծում է, թե, իր ընկալմամբ, Հիսուսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է: Դեռ մի կողմ թողնենք, որ Նիկոլ Փաշինյանին հեղափոխական համարելն ինքնին մեծ ճոխություն կլինի. փաստն այն է, որ նա 2018 թվականին իրականացրել է իշխանափոխություն, որոշ գնահատականներով՝ իշխանազավթում, որի հետևանքները արդեն վեց տարի միայն կործանում ու ավեր են բերում:

Ինչ վերաբերում է Հիսուսին, ապա նա հեղափոխական չէ, ինչպես Աստվածաշնչի մեկնիչներն ու եկեղեցականներն են նշում, նրան խաչեցին «հենց նրա համար, որ չցանկացավ հեղափոխական լինել և հեղափոխություն անել»: Դժվար է ասել՝ ինչի արդյունք է Փաշինյանի նման «սաղմոսասացությունը», աստվածանարգությունն ու մեծամտությունը՝ նորից իրեն հալածյալ ու «մեսիա» ներկայացնելո՞ւ, Քրիստոնեության գաղափարներն արժեզրկելու, թե՞ մեկ այլ նպատակ կա: Սակայն փաստ է, որ իրական քրիստոնյան չի կարող նման սրբապղծություն անել, առավել ևս, որ Աստվածաշունչն ասում է. «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»: Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը տարածում է վախի, հուսահատության, խեղճության, ատելության մթնոլորտ։ Նա «քարոզում» է պարտվողականություն:

Իսկ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության հոգևոր խորհուրդը ոչ թե պարտվողականության, հուսահատության, խեղճության ու վախի մեջ է, այլ երկյուղը մի կողմ գցելու, վերազարթոնքի և հաղթանակ տանելու։ Եվ այս մասին խոսեց Ամենայն հայոց կաթողիկոսը Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առիթով հղած իր պատգամում՝ ընդգծելով, որ պետք չէ ընկրկել մեզ պատուհասած փորձությունների դիմաց, գործել պարտվողական հոգեբանությամբ և վերածվել վհատված ու տկար ազգի՝ վտանգելով մեր հայրենիքի ապագան և անկախ պետականությունը։ Ավելին, հաղթանակի նկատմամբ հավատի շուրջ Եկեղեցու ուղերձը հստակ էր՝ «Աստված մեզ կոչում է հարության, ուստի, թոթափենք մեզանից երկյուղն ու հուսահատությունը, հեռացնենք մեզանից ատելությունն ու թշնամանքը, պիղատոսյան ու հուդայական գործելակերպը, մեր աչքերը հառենք հարուցյալ Փրկչին և ընթանանք միմիայն հարության հաղթական ճանապարհով»։

Այս ուղերձի ենթատեքստում Եկեղեցու հովվապետը բավական հստակ ուղերձներ է հղել, այդ թվում՝ պիղատոսյան ու հուդայական գործելակերպի, պարտվողականության շեշտադրումներով։ Այսպիսով, մեկ անգամ ևս արձանագրվում է Եկեղեցու ու քաղաքական իշխանությունների մոտեցումների ծայրահեղ հակադրությունը։ Մի կողմից՝ արժեհամակարգային, ազգային ու ոչ պարտվողական դիրքորոշումն է, իսկ մյուս կողմից՝ աստվածանարգ, մանիպուլ յատիվ ու պարտվողական։ Սա վերստին գալիս է ապացուցելու, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ու նրա «թիմը» պատերազմ հայտարարել Եկեղեցուն: Եվ ինչո՞ւ միայն Եկեղեցուն. նաև Հայոց պատմությանը, պատմական հիշողությանը, պատմական արդարությանը, ազգային արժեքներին, ազգային արժեհամակարգ կրող բոլոր ուժերին ու անհատներին:

Պարտվողականությունն ու ապազգային այլ քայլերն ի սկզբանե դատապարտված են ձախողման: Սա անկասկած է. այս դժվարին փուլն էլ հայ ժողովուրդը կանցնի՝ թոթափելով կապիտուլ յացիայի ենթարկված իշխանությունների թողած ժառանգությունը, ինչպես պատմության ընթացքում կատարել է բազմիցս։ Ու պատահական չէ, որ նույնիսկ բազմաթիվ օտար հեղինակներ են նշել, որ հայ ժողովուրդը Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող և ամեն Գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ է։ Ուղղակի մինչ այդ, ցավոք, չափազանց շատ ջրեր են պղտորվում, չափազանց շատ են կորուստներ լինում...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ