«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինձ ամեն օր մեկ հատ վարդ էր նվիրում, մի օր էլ անակնկալ ձևով ամուսնության առաջարկություն արեց: Բառացի ասաց՝ սիրտս քեզ եմ տալիս, ուզում ես՝ շպրտիր, ուզում ես՝ ընդունիր: Ու այդպես էլ 2003 թ.-ի մարտի ութին ամուսնացանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էլմիրան՝ Արսենի կինը:
Երբ խնդրում եմ նկարագրել ամուսնուն, մտովի տեղափոխվում է նրա հոգեհանգստի օրը: «Ցանկացած մեկի շուրթերին ափսոսանքի խոսքեր էին: Բազմաթիվ մարդիկ էին եկել իրեն հրաժեշտ տալու: Արսենն ազնիվ, հայրենասեր, խելացի տեսակ էր, լավ հայր ու ամուսին էր: Եթե կարող էր մարդուն լավություն անել, կաներ, որևէ մեկին որևէ վատ բառ անգամ չի ասել»: Արսենը ծնվել է Դիլիջանում, սովորել Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոցում: Այսօր դպրոցի փառքի անկյունն Արսենի մասին է պատմում, որ սերունդները նրա օրինակով իմանան, թե ինչ է անձնազոհությունը կարևորագույն արժեքի՝ հայրենիքի համար: Դիլիջանից ծնողների հետ տեղափոխվել է Հրազդան, իսկ հետո՝ մայրաքաղաք Երևան, սովորել ու ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատում էր հայաստանյան բանկերից մեկում՝ որպես ավագ գանձապահ: Էլմիրան նշում է՝ ամուսինն անընդհատ սովորելու պրոցեսի մեջ էր, վերապատրաստում էր անցնում, մաթեմատիկային հրաշալիորեն տիրապետում էր, ինչպես հիմա՝ նրանց որդին:
«Բանկում աշխատելու ժամանակ ծրագիր էր գրել, իրենք այդ ծրագրով էին աշխատում, վերադառնալուց հետո պետք է որոշակի թարմացումներ կատարեր, բայց… Ընկերոջ հետ փոքրիկ ընկերություն էին հիմնել և տեսախցիկներ էին տեղադրում: Արսենի տարերքը ձկնորսությունն էր, մինչև հիմա ձկնորսության համար անհրաժեշտ իրերը մեր տանն են»: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ը փոխեց մեր երկրի պատմության անիվը ու հազարավոր ընտանիքների կյանքի պատմությունը: Արսենինը՝ նույնպես: Պատերազմի սկսվելու լուրը ստանալով՝ Արսենը սեպտեմբերի 28-ին գնում է զինկոմիսարիատ՝ պահեստազորային եմ, կապավոր, անունս գրեք, որ մեկնեմ Արցախ: «Իր անմահանալուց հետո ինձ պատմեցին, որ զինկոմիսարիատում ասել է, թե 18 տարեկան մեր երեխեքը զոհվում են, պետք է գնալ ու իրենց կողքին լինել»:
Հաջորդ օրն Արսենը ծանուցագիր է ստանում: «Հույս ունեի, որ պատերազմը շուտ է ավարտվելու: Իրեն ասացի՝ իսկ կլինի՞ չգնաս: Այնպիսի հայացքով ինձ նայեց, որ լռեցի ու մեկ բառ այլևս իրեն չասացի: Բանկում ավագ գանձապահ էր աշխատում, երբ տեղեկացնում է, որ մարտադաշտ է մեկնում, բանկի կառավարիչն ասում է՝ Արսե՛ն, աշխատող չունենք, մի երկու օր սպասի, աշխատող գտնենք, նոր կգնաս: Աշխատանքից ազատման դիմում է գրում, տալիս կառավարչին՝ այնտեղ 18 տարեկան երեխեքը զոհվում են, իսկ դու ինձ ի՞նչ ես ասում»: Արսենը զոհվել է հոկտեմբերի 14-ին մարտական դիրքում: «Ջոկատներ են կազմել, բարձրացել դիրքեր, տղաներն իրեն ասել են՝ մեզ կապավոր պետք չէ, Արսենն արձագանքել է՝ գամ, մի բանով օգտակար կլինեմ: Զենքը գցել է ուսին և ուղևորվել Հադրութի «Թութակներ» տեղամաս: Առաջադրանք են կատարել, այդ դիրքում շատ են պահեստազորայիններից զոհված մեր տղաները»:
Էլմիրան ասում է՝ պատերազմի օրերին միշտ զրուցում էին: «Զրույցներից մեկի ժամանակ ասաց, որ տղաներն անձրևանոցներ չունեն: Սոցցանցի իմ էջում գրառում կատարեցի, մի երկու օր հետո տեղեկացրեց, որ իրենց բավականին շատ անձրևանոցներ են ուղարկել: Պատերազմի օրերին այդպես էր, ամեն մեկս մեր տեղում տղաների թիկունքն էր պահում, ավարտն այսպիսին չպետք է լիներ: Հոկտեմբերի 14-ին զրուցում էինք, ասաց, որ մի երկու օր կարող է կապի դուրս չգալ, չանհանգստանամ: «Երեխուն ուշադիր կլինես, սա կանես, այն կանես»: Շատ հետո վերլուծեցի մեր վերջին զրույցը: Նա կասկածներ ուներ, թե արդյոք կվերադառնա՞, կարծես ինձ հրաժեշտ էր տալիս: Գիտակցված մահվան գնաց»: Չորս ամիս Էլմիրան փնտրել է ամուսնուն:
«Վստահ էի, որ իրենից լուր եմ ստանալու, որ իր հետ չի կարող բան պատահել: Կարմիր խաչ, պաշտպանության նախարարություն, ԱԱԾ, զինկոմիսարիատ, ամեն հնարավոր վայրում եղել եմ, որ Արսենի մասին տեղեկություն ստանամ: Բայց որևէ մեկը տեղեկություն չուներ տղաներից: Կապավոր սպան կապի միջոց չի ունեցել, զրահաբաճկոն և այլ անհրաժեշտ պարագաներ չի ունեցել: Ոչ ոք իր տեղում չէր, դրա համար նման արդյունք ունեցանք: Ես դա իմ աչքով եմ տեսել, չէ՞ որ չորս ամիս փնտրում էի ամուսնուս, ցանկանում որևէ տեղեկություն ստանալ իրենից: Ամուսինս կցված է եղել Շուշիին, Հադրութում ի՞նչ գործ ուներ»: 2021 թ.-ին՝ զոհվելուց չորս ամիս անց, ԴՆԹ-ով հաստատվում է Արսենի ինքնությունը: «Ինձ թույլ չտվեցին իրեն տեսնել: Իր իրերից որևէ բան մեզ չհասավ, գոնե հեռախոսը, գուցե նկարներ լինեին, որոնք նաև ինչ-որ հարցերի պատասխաններ տային»:
Արսենն ու Էլմիրան մեկ տղա ունեն, Էլմիրան մի տեսակ ափսոսանքով է խոսում այդ մասին, ասում՝ տունը կարծես դատարկ լինի, երբ երկուսով են: «Դժվար է հատկապես տոնական օրերին: Ասում են՝ տղաներն իրենց կյանքն են տվել, բայց հավատացնում եմ՝ նրանց հարազատների կյանքն էլ է «գնացել»: Մեր կյանքը կիսատվել է: Ուրախանում ես ինչ-որ բանի համար, ինչ-որ տեղ գնում, ժպտում, բայց հենց տանդ դուռը բացում և ներս ես մտնում քո դառը իրականություն, հասկանում ես, որ այդ տասը րոպեի ուրախությունը քոնը չէր: Ուղղակի պահ էր, երբ կարծես ինքդ քեզ խաբեցիր, որ ամեն ինչ լավ է, որ շարունակում ես ապրել: Արսենից հետո երկու թևերս կարծես կտրված լինեն: Երբ զրուցում էինք, Արսենը հաճախ էր ասում՝ եթե դարպասը տվեցինք, գալու են Երևան ու մեր դռան դիմաց կանգնեն: Հիմա եմ հասկանում, թե որքան իրավացի էր Արսենը, բայց այն ժամանակ չէինք հասկանում, երևի տաք էինք: Բայց չենք էլ սառում: Երբ Եռաբլուր եմ գնում, այնքան եմ լալիս, կարծես առաջին անգամ գնացած լինեմ: Ծանրագույն օրերը հաղթահարելու ուժ ինձ որդիս է տալիս»:
Հ. Գ. - Արսեն Շահսուվարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ