Առաջարկում եմ սա դիտարկել առաջին հերթին որպես իրազեկման ակցիա այն կառույցներին և պաշտոնյաներին, որոնք տասնամյակների ընթացքում ակտիվ գործողություն էին ծավալում՝ այդ թվում Հայաստանում և, տարածում էին եվրոպական արժեքներ, պայքարում էին մարդու իրավունքների, խոսքի, ԶԼՄ-ների ազատության համար: Այս մասին, այսօր ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։
«Այս կառույցները լուռ են և արդեն տևական ժամանակ է 2 պատճառով․ առաջինը՝ իրենք պատշաճ տեղեկացված չեն, որովհետև այլևս ռեսուրս չունեն օբյեկտիվ իրականությանը ծանոթանալու և նրանք, ովքեր պայքարում էին այդ իրավունքների համար այսօր իշխանության մաս են, և երկրորդ՝ ուղղակի նախընտրում են կույր մնալ և նրանց համար ինչ-ինչ շահերը գերակա են, քան արժեքները»,- նշեց Սաղաթելյանը:
Արման Սաղաթելյանը նաեւ ընդգծեց. «Առաջին նախադեպը եղավ, երբ այս «բռնապետիկները» գործողություններով ճնշում գործադրեցին դատական իշխանության վրա, շրջափակեցին դատարանները: Ես չեմ հիշում 30 տարվա ընթացքում այս տեսակ աննախադեպ ոտնձգություններ ցանկացած բնույթի խոսքի ազատության, այլակարծության, քաղաքական դիրքորոշումներ հայտնելու վերաբերյալ»:
Նկատենք, որ Արման Սաղաթելյանի եղբայրը՝ Վազգեն Սաղաթելյանը, եւս կալանավորված է:
Նշենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նախատեսվում են բարձրաստիճան հանդիպումներ, այդ թվում' ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
ԱԳՆ առջև այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա՝ քաղբանտարկյալների ազատության պահանջով։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ և մտադրություն ունեն Բուրիչից պահանջել՝ ԵԽՎ-ում կազմակերպվի քննարկում ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ և բանաձև ընդունվի, որով ՀՀ իշխանությունների առաջ պահանջ կդրվի ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։
Նշենք, որ նրանք քաղբանտարկյալ են համարում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին և «Իմնեմնինի» փոդքաստի վարողներ՝ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին և Բաքվում պահվող Արցախի ղեկավարությանը։