ԱԺ-ում կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի հանդես է եկել ինքնախոստովանական ցուցմունքով: Նա հայտարարել է, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել: Ըստ Փաշինյանի վերլուծությունների և եզրահանգումների՝ «Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունը այլևս պատրաստ է եղել և անփոփոխելի արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում»: Ստացվում է, որ իմանալով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց գոյություն չունի՝ նա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», տանում անխուսափելի պատերազմի, որի արդյունքում ունեցանք 5000 զոհ, կորցրինք Արցախը, 120 հազար արցախցի էլ բռնեց գաղթի ճանապարհը: Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնախոստովանական ցուցմունք:
Երկրորդը: Փաշինյանը փաստացի ընդունեց, որ 2021 թվականին չի դիմել ՀԱՊԿ-ին ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով: Ըստ Փաշինյանի' ՀԱՊԿ–ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի ՀՀ–ին դուրս էր բերելու անվտանգային երաշխիքների իր համակարգից։ Այսինքն՝ կար հնարավորություն սահմանին ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել, կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան և հայկական տարածքների օկուպացիան, սակայն Փաշինյանը չի գնացել այդ քայլին սեփական իշխանությունը պահպանելու ցանկությունից դրդված:
Ակնհայտ է, որ իրավական երկրում նման բարձր ամբիոնից վարչապետի հնչեցրած ինքնախոստովանական ցուցմունքները կդառնային իրավապահ համակարգի ուշադրության առարկան, սակայն Հայաստանը, ինչպես տեսնում ենք, այս առումով անչափ հեռու է իրավական երկիր համարվելուց: