Aysor.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Վարդենիսում մի քանի տղամարդ սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա նկատմամբ։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ աղջիկը բնակվում է Սոթքում։ Վարդենիսում հաճախում է երաժշտական դպրոց՝ տաքսիով։ Տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են աղջկան։
«Այս պահին աղջկա վիճակը շատ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,-նշեց մեր աղբյուրը։
Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնեց. «Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են»։