Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեցին Տավուշում դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներից Անդրանիկը և Արմենը:
«Ակցիան դադարեցրել ու ճանապարհները բացել ենք լուսաբացին, ավելի ստույգ 5-ին: Մի քանի գյուղերի բնակչությունով որոշակի հարցերում հայտարարի եկանք, Սրբազան հոր հետ երեւի քննարկումները կշարունակվեն հիմա, որպեսզի մեր քայլերի հաջորդականությունը հստակեցնենք: Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք»,- ասացին նրանք:
Տեղեկացրին նաև՝ Սրբազան Հայրը կգնա Կիրանց, Ոսկեպար, որպեսզի հանդիպի բնակիչների հետ:
Հիշեցնենք, որ երեկ տավուշեցիները բողոքի ակցիա էին իրականանում՝ փակելով ճանապարհը: Հավաքվել էին Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի, Բարեկամավանի, Կոթիի բնակիչները: Նրանք փակել էին ճանապարհը, որպեսզի իրենց անհամաձայնությունը ցույց տան սահմանազատում կոչված զիջման ծրագրին։