«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականի «հեղափոխության» ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Հայաստանում վարչապետի «քիփ», «վարչապետի մոտիկ», բաջանաղ, «վարչապետենց քուչի լավ տղա», սենց բաներ չեն լինելու, արագ տեմպերով միլիոնատեր դարձող «ախպեր» չի լինելու»:

Իշխանության գալուց կարճ ժամանակ անց, սակայն, Փաշինյանի եւ իր թիմակիցների աներձագները, քավորներն ու սանիկները, ընկերները, ինչպես նաեւ «մորաքրոջ հարսները» տարբեր պաշտոնների նշանակվեցին։ Նրանցից մեկն էլ Շիրակի մարզը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն է, որը ամուսնուն նշանակել է իրեն հասարակական հիմունքներով օգնական, իսկ եղբորը՝ իր նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանի օգնական։

Էմմա Պալյանի եղբայրը ներկայացրել է 2023 թվականի գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիր, ինչից էլ հասկանում ենք, որ ԱԺ-ից տարեկան 3 մլն 504 հազար դրամ աշխատավարձից կուտակված եկամուտ ունեցող Հայկ Պալյանը 2023 թվականին ձեռք է բերել 25 մլն դրամ արժողությամբ բնակարան։

Բնակարանը, որը միանձնյա սեփականությամբ է ձեռք բերվել, գտնվում է Շիրակի մարզի Գյումրի համայնքում։ 2022 թվականին Հայկ Պալյանը ձեռք է բերել մեքենա՝ 2012 թվականի արտադրության Ford մակնիշի։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,5 մլն դրամ։ Պալյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն դրամ»։