Երեկ՝ հունիսի 2-ին, հացադուլի 41-րդ օրը ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը Զվարթնոց օդանավակայանից FlyOne ավիաընկերության օդանավով մեկնել է Ֆրանսիա։ Մեկնելիս նա շնորհակալություն է հայտնել ավիաընկերությանն իր կյանքը փրկելու համար: Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտնել է, որ արդեն Փարիզի իր տանն է ու շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում աջակցել են իրեն։

Նա նշել է, որ Ֆրանսիայի իշխանությունները ևս ուզում են իրեն ոչնչացնել, քանի որ իր ճշմարտությամբ ինքը խանգարում է տարբեր կոռումպացված կուսակցություններին։ Նա նաև հայտնել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել։

Նիկոլյանը նաև նշել է, որ էլեկտրասրտագրություն է անցել՝ հավելելով, որ այժմ կրկին պետք է սկսի սնվել, սակայն առայժմ միայն հեղուկներով։ 

Այնուամենայնիվ լրագրողը հավելել է, որ իր պայքարը լեգիտիմ է և ինքը շարունակելու է այն մինչև իր կյանքի վերջին օրը։

Հիշեցնենք` ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Նիկոլյանն անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։