Հանրապետությունում մի շարք վարակիչ հիվանդությունների գծով համաճարակային իրավիճակը վերջին երկու շաբաթվա ընթացքում կայուն է, ընդհանուր թվում կա որոշակի նվազման միտում, սակայն մի շարք հիվանդությունների պարագայում կա նաև աճ: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կապույտ հազի դեպքերի որոշակի աճ է նկատվում․ այս հիվանդության պարբերական սրացումները դիտվում են 3-5 տարին մեկ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ 2023-թվականից ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կա կապույտ հազի ցուցանիշների որոշակի ավելացում:
Կանխատեսվում է, որ 2024-ին այս միտումները կպահպանվեն, իսկ 2025-ին՝ կնվազեն: Թվերի բարձրացումը պայմանավորված է տարիների ընթացքում մարդկանց չպատվաստվելու կամ թերի պատվաստվելու հանգամանքով:
Գրիգորյանի խոսքով՝ հիվանդության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումներ են: Նա հորդորեց քաղաքացիներին պատվաստվել՝ նշելով, որ Հայաստանում առկա է անվտանգ և շատ արդյունավետ դեղամիջոց: