Հայաստանում վերջին շրջանում արձանագրվել է կապույտ հազի և կարմրուկի հիվանդացության դեպքերի աճ, և ի տարբերություն նախորդ տարիներին գրանցված դեպքերի, այս տարի նկատվում է այս հիվանդությունների արագ տարածվածության ակտիվ դինամիկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը. «Հայաստանում, պատվաստումներով պայմանավորված, հիվանդությունների կանխարգելման, վակցինաների առումով լավ ցուցանիշ էր արձանագրել, սակայն մեզ չհաջողվեց այս տեմպը պահպանել, քանի որ դրան վնաս հասցրեց հակապատվաստումային քարոզչությունը և դրա արդյունքում ունենք վակցինաներով հիվանդացությունների աճ: Ծնողները պարզապես սարսափում են պատվաստումներից և դրա արդյունքը՝ կապույտ հազի 7,5 անգամ աճ, որին ավելացել է նաև կարմրուկուվ հիվանդացության դեպքերի աճը: Սա սարսափելի ցուցանիշ է, որը բերում է նաև մահվան դեպքերի և վերջին դեպքն էլ ունեցանք տարեսկզբին, երբ մահացավ երկու ամսական փոքրիկ»,-ասաց Սահակյանը:
ԼՈւՐԵՐ.com-ը Գայանե Սահակյանից հետաքրքրվեց կապույտ հազի բարդությունների և հիվանդացողների տարիքային խմբերի մասին: Հարցին ի պատասխան՝ մասնագետը նշեց, որ կապույտ հազի հետևանքով արձանագրվել են ուղեղային թաղանթի բորբոքումներ, թոքաբորբեր, և հիմնականում որպես տարիքային թիրախային խումբ դիտարկվում է մինչև երկու տարեկանը:
«Նման դեպքերը բացառելու համար էր, որ Առողջապահության նախարարությունը կոչ էր անում պատվաստել երեխաներին, քանի որ չպատվաստված երեխան նաև վարակի տարածման աղբյուր է հանդիսանում: Այս պահին երեսուն կպույտ հազով հիվանդ կա, որոնց մեծ մասը չպատվաստված երեխաներ են»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ կապույտ հազի ախտանիշները շատ նման են գրիպի հարուցիչին, սակայն մի տարբերությամբ, որ հազը գնալով խորանում է, իսկ այս պարագայում պահանջվում է հոսպիտալացում և երկարատև բուժում:
Որպես վարակի դեպքերի կանխարգելման տարբերակ՝ Գայանե Սահակյանը նշեց բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացումը, հակապատվաստային քարոզչության բացակայությունը՝ կարևորելով նաև այս հարցում համացանցի դերակատարումը. «Համացանցը բացասական տեղեկատվություն է թողնում, քանի որ բազմաթիվ կեղծ էջեր և կեղծ տեղեկատվություն կա այնտեղ, ինչը նախինում չկար, նախկինում ծնողը դիմում էր մանկաբույժին, իսկ հիմա՝ համացանցին»:
Նշենք, որ տարեսկզբին` հունվար-փետրվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն աճել է 6 անգամ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է կապույտ հազի 17 դեպք, որոնցից 13-ը (77%) չպատվաստված են, 1-ը (6%)՝ թերի պատվաստված: Կապույտ հազի դեպքերից 11-ը 0-1 տարեկան երեխաներ են: Գրանցվել է նաև կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան 1 դեպք: