Armtimes.com-ը գրում է․

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2024 թվականի մայիսի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ վերջինս հայտարարագրել է համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն՝ իր տնտեսական շինություններով, որը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ կրկին համատեղ սեփականությամբ բնակարան, որը բազմաբնակարան բնակելի շենքում է, ինչպես նաև՝ նույն վարչական շրջանում երկու ավտոտնակ, որոնք կրկին համատեղ սեփականությամբ են։ Գրիգորյանը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում համատեղ սեփականությամբ նաև հողամաս ունի:

Նշված բոլոր անշարժ գույքերը տարեվերջին պահպանվել են։

Փոխվարչապետը 2023 թվականին Արդշինբանկ ՓԲԸ-ից ձեռք է բերել 511 հազար 700 դոլար արժեքով պարտատոմսեր։ Նրա բանկային ավանդները կազմել են 525 հազար դոլար, 40 միլիոն դրամ։

Փոխվարչապետի դրամական միջոցները, ըստ հայտարարագրի, տվյալ տարվա սկզբին կազմել են 37.02 դոլար և 3 միլիոն 004 հազար 712.6 դրամ, որոնք տարեվերջին դարձել են 0 դոլար, 4 միլիոն 606 հազար 097.4 դրամ։ Կանխիկ միջոցները եղել են 70 միլիոն դրամ։

Մհեր Գրիգորյանի ընդհանուր եկամուտները տարվա ընթացքում կազմել են 29 միլիոն 977 հազար 617.1 դրամ։

Ընդհանուր եկամուտներից 327 հազար 943.71 դրամը նա ստացել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից՝ որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում, կրկին որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում նույն տեղից՝ 14 հազար 523.12 դոլար։ 24 միլիոն 019 հազար 205 դրամ էլ կազմել է նրա աշխատավարձը ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Փոխվարչապետի կինը՝ Աննա Գրիգորյանը ևս 2024 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Վերջինս հայտարարագրել է Երևանի կենտրոնում համատեղ սեփականությամբ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում և երկու ավտոտնակ։ Նա Երևանի կենտրոնում միանձնյա սեփականությամբ նաև բնակարան ունի, որը ևս գտնվում է բազմաբնակարան բնակելի շենքում։

Գրիգորյանը 2023 թվականին 171 միլիոն 800 հազար դրամով ձեռք է բերել միանձնյա սեփականությամբ հողամաս Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Նա 2016 թվականի արտադրության «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենա ունի։

Փոխվարչապետի կինը ևս բանկային ավանդներ ունի՝ 500 հազար դոլարով և 500 հազար եվրոյով։ Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն 325 հազար 643.7 դրամ, և 1 հազար 699.41 եվրո, որոնք տարեվերջին դարձել են 1 միլիոն 127 հազար 816.9 դրամ, և 10․25 եվրո։

Աննա Գրիգորյանի տարվա ընդհանուր եկամուտները կազմել են 7 միլիոն 106 հազար 011.69 դրամ, 5 հազար 020.89 եվրոն և 12 հազար 902.04 դոլարը նա՝ որպես տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում, ստացել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից