«Հրապարակ» օրաթերթը գրում է․Փարաքար համայնքում նոր քաղաքական կոալիցիա է ձևավորվել' իշխող Քաղպայմանագիրն ու «Ապրելու երկիր» կուսակցությունը չհայտարարված դաշինք են կազմել։

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու խմբակցությունը, որ 2 տարի է բոյկոտում է ավագանու նիստերը, մայիսին հանդես եկավ նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ, որի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Դրան հաջորդեց արդեն նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի կալանավորումը, ինչը կարծես անհնարին էր դարձրել Փարաքարում ավագանու նիստեր գումարելը, քանի որ ԱԵ-ն ընտրություններից հետո բոյկոտում էր նիստերը, իսկ ՔՊ-ն քվորում չէր կարողանում ապահովել' առանց Դավիթ Մինասյանի։ Եւ թվում էր՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի պաշտոնավարումը կանցներ առանց ավագանու լեգիտիմ նիստերի, սակայն երեկ՝ օգոստոսի 14-ին ավագանին նիստ է հրավիրել եւ արի ու տես, որ Գյուլնազարյանի հրավիրած ավագանու հենց առաջին նիստը կայացել է «Ապրելու երկրի» ավագանու անդամների շնորհիվ։ Խախտելով 2.5 տարվա բոյկոտը, ԱԵ 8 ավագանու անդամներ ներկայացել են նիստին, փոխարենը նիստին չեն մասնակցել «Դավիթ Մինասյան» խբակցության 3 անդամները (ներառյալ Մինասյանը) եւ նույն խմբակցության նախկին անդամ' ներկայումս անկախ 2 ավագանիները։ ՔՊ-ից մասնակցել է 5, «Ապրելու երկրից»՝ 8 հոգի։ Համայնքում այլեւս կասկած չունեն, որ Դավիթ Մինասյանին հայտնված անվստահությունը, ապա եւ կալանավորումը ՔՊ-ի և «Ապրելու երկրի» ամիսներ շարունակ տեւած գաղտնի համագործակցության արդյունք են։ Բանն այն է, որ քաղաքական պայմանավորվածությամբ, ՔՊ-ն պետք է Դավիթ Մինասյանին դարձներ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։

Իսկ այս զարգացման արդյունքում նրանց ձեռքերն ազատվել են։ «Ապրելու երկիրն» այսուհետ մասնակցելու է ավագանու նիստերին, նրանց է տրվում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնները։ Ի դեպ, «Ապրելու երկրի» աջակցությամբ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված Կարապետ Արթինյանը նույնպես իրականում «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վալոդիա Գրիգորյանի ընտանիքի մերձավորն է։ Այդպիսով, «Ապրելու երկիրը» զգալի ներկայություն է ունենալու Փարաքարի վարչական կառավարման մարմիններում, ինչպես նաև մեծամասնություն է լինելու ավագանու կազմում։

Այս ամենը թերեւս պլանավորվել ու հնարավոր է դարձել «Ապրելու երկրի» համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի քավորությամբ, ովքեր մտերիմ են (Խուդաթյանը երկար տարիներ եղել է Մեսրոպ Առաքելյանի աշխատակիցը)։ Սա նաեւ Խուդաթյան-Նարեկ Մկրտչյան հակամարտության հետեւանք է' գաղտնիք չէ, որ Փարաքարում «ռուլիտ» էր անում սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը: Այժմ Նիկոլ Փաշինյանի սիրելի Խուդաթյանն իր ազդեցությունն է ընդլայնում։

Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ԱԵ Փարաքարի ավագանու անդամ Վոլոդիա Գրիգորյանի հանքերի գործունեությունն են կասեցրել' անօրինական լինելու պատճառաբանությամբ, չի բացառվում, որ այդ գործունեությունը շարունակելու դիմաց է քաղաքական համագործակցության որոշում կայացվել։