Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խնդրել է ուժեղացնել Մայամիում ապրող որդու՝ Յաիրի պահպանությունը, քանի որ կարծում է, որ նա կարող է դառնալ «Իրանի թիրախ», տեղեկացրել է The Times of Israel-ը։
Ինչպես գրել է պարբերականը, Նեթանյահուն խնդրել է պահպանությունն ուժեղացնել այն տեղեկությունների ֆոնին, որ Իրանը կարող է փորձել մահափորձ կատարել արտասահմանում գտնվող իսրայելցիների դեմ՝ ի պատասխան Թեհրանում հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ Յաիր Նեթանյահուն 2023թ. մարտից ապրում է Մայամիում։
Ինչպես գրել է թերթը, խնդրանքն ուղարկվել է հատուկ ծառայություններին։ Միեւնույն ժամանակ, անվտանգության ծառայության անունը չնշած ներկայացուցիչները իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի հարցազրույցում ասել են, որ արտասահմանում իսրայելցիների անվտանգության մակարդակը սահմանվում է սպառնալիքի չափով եւ իրավիճակի պարբերական գնահատմամբ։ Նրանք նաեւ նշել են, որ որեւէ նշան, որ Յաիր Նեթանյահուն բախվում է էական սպառնալիքների, չկա, ինչի առնչությամբ Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայությունը մտադիր չէ ուժեղացնել նրա պահպանությունը։
Ինչպես գրել է The Times of Israel-ը, իսրայելական ԶԼՄ-ներում տեղեկություններից հետո Նեթանյահուի գրասենյակը հերքել է վարչապետի որդու պահպանությունն ուժեղացնելու վերաբերյալ որեւէ խնդրանքի առկայությունը։
Թերթի տվյալներով՝ ներկայում Նեթանյահուի որդուն Մայամիում պահպանում է իսրայելական հատուկ ծառայությունների երկու աշխատակից։ Նա ունի անձնական վարորդ։ Նրա անվտանգության ապահովումը ամսական 55 հազար դոլար արժե։
Անցած շաբաթ իսրայելական 12-րդ հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Մայամիի էլիտար բնակելի համալիրում, որտեղ ապրում է Յաիր Նեթանյահուն, հայտնաբերվել է իր, որը նման է եղել պայթուցիկ սարքի։ Նրա տվյալներով՝ ոստիկանները ստուգել են այն, տագնապը կեղծ էր, միջադեպի ժամանակ Նեթանյահուի որդին շենքում չէր։