Քաղբանտարկյալ' տնային կալանքի մեջ գտնվող Արմեն Աշոտյանին էի այցելել: Եթե տպավորությունս կարճ փոխանցեմ, ապա քաղաքական գործունեության տեսանկյունից, տնային կալանքի ռեժիմը բավականին ծանր պայմաններով է սահմանված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նախ, Արմենը զրկված է հեռախոսազրույցների հնարավորությունից այն դեպքում, երբ նույնիսկ քրեակատարողական հիմնարկում, ամենօրյա ռեժիմով' բացի շաբաթ-կիրակի օրերից, օգտվելու հնարավորություն ուներ:
Ավելին, ՔԿՀ-ից նույնիսկ սքայփով տեսազանգեր անելու իրավունք ուներ:
Առ այս պահը դատարանի որոշումը չկա և դեռ պարզ չի, թե արդյո՞ք Արմենը կարող է հոդվածներ գրել, քաղաքացիների հետ հարցուպատասխանի ֆորմատ ունենալ և այլն:
Այս իրավունքները բանտային փուլում Արմենին տրված էր, սակայն այս պահի դրությամբ, այդ հարցը շարունակում է «օդում կախված» մնալ: Արմենի' նաև քաղաքական իրավունքների խիստ սահմանափակումն անշուշտ կապված է վերջինիս քաղաքական ակտիվ գործունեության հետ: Արմենին քաղաքական ակտիվությունից զրկելու որոշումը բնականաբար ընդունվել է իշխանության ամենավերևի օղակում և նպատակ ունի չեզոքացնելու հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի' ՀՀԿ-ի փոխնախագահին, ով ոչ միայն կուսակցական առաջին էշելոնի դեմքերից է, այլ առհասարակ դաշտի ակտիվ ու ազդեցիկ դերակատարներից:
Միակ լավ հանգամանքն այն է, որ Արմենի Աշոտյանի կենցաղն ու կեցության պայմաններն է փոխվել, վերջինս իր ընտանիքի հետ է, սակայն քաղաքական տեսանկյունից, կրկնում եմ' նրա սահմանափակումներն առավել սուր բնույթ են ստացել:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-նշել է նա։