Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրաժարվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով այցելել Փարիզ և առաջին պատարագը մատուցել վերականգնված Աստվածամոր տաճարում։
Արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 8-ին։
«Ես չեմ գնա Փարիզ», - ասել է պոնտիֆիկոսը, մեջբերում է The Times թերթը։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի որոշումը վրդովեցրել է ծխականներին։ Նրանցից շատերը դա համարել են Ֆրանսիայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և թշնամանքի դրսևորում։
Վատիկանը պաշտոնապես չի մեկնաբանում մերժման պատճառները։ Վարկածներից մեկի համաձայն՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մերժել է հրավերը՝ Օլիմպիական խաղերի բացման ժամանակ «Վերջին ընթրիքի» սկանդալային բեմականացման պատճառով։ Սուրբ Աթոռը սա համարել է վիրավորանք հավատացյալների հանդեպ։
Փարիզի աշխարհահռչակ Աստվածամոր տաճարը հրդեհվել է 2019 թվականի ապրիլի 15-ին։ Հրշեջներին 15 ժամ չի հաջողվել մարել կրակը։ Արդյունքում՝ քանդվել է ճարտարապետական հուշարձանի տանիքը։ Այս տարիների ընթացքում շենքի վերականգնումը շարունակվում է։ Մայիսի վերջին Ֆրանսիայի իշխանությունները հայտարարեցին Աստվածամոր տաճարի բացման մասին, որը պետք է տեղի ունենա 2024 թվականի դեկտեմբերի 8-ին։