Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 16-րդ երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին ելույթ է ունեցել Նյուրնբերգի և Դրեզդենի օպերային թատրոնների առաջատար մեներգչուհի սոպրանո Հրաչուհի Բասենցը։ Նա դաշնակահար Հելմուտ Դոյչի հետ ներկայացրել է Ռիխարդ Շտրաուսի երգերի ընտրանին։

Համերգից հետո ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը գրել է. «Միջազգային մեծ բեմերում հաջողությամբ իր տեղը հաստատակամ քայլերով ամրագրող, մեր հայրենակցուհի Հրաչուհի Բասենցի մենահամերգն էր երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում, ծրագրում՝ բացառապես Ռիխարդ Շտրաուս։ Երևանյան հանդիսատեսի համար բացառիկ հնարավորություն, ունկնդրելու վաղուց սպասված բարձրաշխարհիկ երաժշտություն հրաշալի մատուցմամբ, բեմում առանց ավելորդ «ինքնագովազդի», երաժշտությանը անմնացորդ ծառայության ցուցադրության լավագույն օրինակով։ Նույնիսկ համբավավոր դաշնակահար Հելմուտ Դոյչի գերմանական կարծր սիրտը «հալվեց» համատեղ ելույթի վայելքից…

Հանդիսատես և քաղաքացի կրթելու անքննարկելի տարբերակ կարող են դառնալ նմանատիպ համերգները։ Սիրով կսպասենք նոր առիթների…»։

Հրաչուհի Բասենցը համերգից հետո գնացել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն.

«Բեմից Եռաբլուր

Փնջերը ձերն են տղաներ, ձեր կյանքի գնով ենք այսօր ապրում և արարում...»։