ԼՂՀ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող, 1994 թվականին ծնված Երևան քաղաքի բնակիչ Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի ծնողները, հարազատներն ու ընկերները չեն հավատում ինքնասպանության կանխավարկածին: Նրանք գտնում են, որ Րաֆֆին այն անձնավորությունը չէր, ով ձեռք կբարձրացներ իր վրա. «նրան կամ սպանել են, կամ ծայրահեղ դեպքում ստիպել, դրդել ինքնասպանության»:

ԳԱԼԱ-ն զրուցեց Րաֆֆի Մարաշլյանի հոր՝ Լևոն Մարաշլյանի հետ, ով այսօր մեկնել է ԼՂՀ՝ այնտեղ, որտեղ որդին է ծառայել:

«Ես հիմա Ղարաբաղում եմ: Դեռ քննությունը գնում է, ես չեմ իմանում ոչ մի բան: Չէ, չէ, ոչ մի կերպ չեմ հավատում դրան, որ իբր ինքնասպանություն, բան... Ես հիմա իմ խղճի հանգստության համար եկել եմ տեղանքը նայելու»,- պատմեց մեզ Րաֆֆիի հայրը: Նա ասաց նաև, որ մինչև միջադեպը ընտանիքով գնացել են զորամաս որդու՝ Րաֆֆու ծնունդը նշելու համար:

«Մարտի մեկին իրա ծնունդն էր, էլի ստեղ էինք, շատ լավ էր ինքը, տրամադրությունը տեղը, ամեն ինչ տեղը: Նորմալ զանգում էր, խոսում էինք...»,- ասաց Լևոն Մարաշլյանը ու այլևս շարունակել չցանկացավ, ասաց, որ օրեր անց կկարողանա խոսել ու պատմել մանրամասներ:

Զրուցեցինք նաև Րաֆֆի Մարաշլյանի ընկերոջ՝ Արմենի հետ, ով ասաց, որ բավականին մոտ են եղել ու կարճատև արձակուրդի ժամանակ երկար զրուցել են իրար հետ:

«Վեց ամսվա ծառայող է եղել, որ «օտպուսկ» է եկել: Այդ ժամանակ հանդիպեցինք, 2 անգամ տեսել եմ, խոսեցինք, ասաց՝ շատ լավ է, ամեն ինչ նորմալ է, խնդիրներ չունի: Մարտի մեկին էլ ծնողներն են գնացել, ես այդքանը գիտեմ, գիտեմ նաև, որ դեպքից 4 օր առաջ է խոսել մոր հետ, չի ասել, որ որևէ խնդիր ունի:

Հերձման ժամանակ իրա հայրն էլ է ներսում եղել փաստաբանի հետ, երկուսն էլ նույն համոզմանն էին, որ ինքնասպանության վարկածը հերքվում է:

Նրանք նաև ֆինանսապես ապահով էին: Եվ չեմ կարծում նաև, որ ֆինանսի դժվարություն կամ խնդիր կարող է ունենար Րաֆֆին բանակում»,- ասաց Արմենը:

Քրիստինա Մկրտչյան