ԱԺ ներխուժած Վրեժ Գալստյանը վտանգավոր է հասարակության համար և նախաքննական մարմնի միջնորդությամբ դատարանն այսօր նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառել հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը։

Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՔԾ-ից, 2013թ. ապրիլի 26-ին ստացվել է դատահոգեբուժական փորձաքննության թիվ 34 եզրակացությունը, որի համաձայն Վրեժ Վանիկի Գալստյանը տառապել և տառապում է «շիզոֆրենիա պարանոիդ ձև, աֆեկտիվ զառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ: Քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու պահին Վրեժ Գալստյանը գտնվել է նշված հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է զառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ներկայումս Վրեժ Գալստյանը նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք, ուստի նրան հարկ է ճանաչել անմեղսունակ: Իր ներկա հոգեկան վիճակով Վրեժ Գալստյանը չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, վտանգ է ներկայացնում շրջապատի և իր անձի համար, կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:

Փորձագիտական եզրակացությունը հաշվի առնելով նախաքննական մարմինը նրա նկատմամբ հարուցել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ ու հոգեբուժարան տեղափոխելու միջնորդությամբ դիմել դատարան, սակայն նախաքննությունը դեռ շարունակվում է։

ՀՔԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ Մասիս քաղաքի բնակիչ Վրեժ Գալստյանը 2013թ. մարտի 22-ին' ժամը 14։50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների օրինական պահանջներին: Վրեժ Գալստյանն իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաև վերջիններիս կողմից նախազգուշական կրակոցներ արձակելուց հետո և շարունակել է շարժվել ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի ուղղությամբ, իսկ ձեռքին եղած դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Վրեժ Գալստյանի ապօրինի տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Սահակյանն իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից ևս մեկ նախազգուշական կրակոց է արձակել, սակայն Վրեժ Գալստյանը, կրկին չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, դանակը ձեռքին կտրուկ շարժում է կատարել Սահակ Սահակյանի ուղղությամբ, ինչի պատճառով վերջինս իրեն ամրակցված ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի ուղղությամբ' նրա ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով հրազենային միջանցիկ մարմնական վնասվածք: Դեպքից անմիջապես հետո Վրեժ Գալստյանը տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. մարտի 22-ին հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հեղինակ:
«Փաստինֆո»