Այսօր՝ ապրիլի 29-ին, Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր, որը վարում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված դատարան էր բերվել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ 30-ամյա Հովհաննես Միսակյանը:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի Հ. Միսակյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի:
Դատավոր Մ. Մարտիրոսյանը, դռնփակ դատական նիստն անկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարեց քննիչի միջնորդությունը, որից հետո Հ. Միսակյանը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, ապրիլի 27-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից ձերբակալվել էր Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ 30-ամյա Հովհաննես Միսակյանը:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, Հ. Միսակյանը տեղափոխվել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Ավելի վաղ Գ. Շամշյանը հայտնել էր, որ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ նշված քրեական գործը հարուցվել էր ապրիլի 27-ին, ժամը 01։00-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 19 հասցեի դիմաց՝ JOSE ռեստորանային համալիրի մոտ, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հետիոտն, Նորք Մարաշ 11 փողոցի բնակիչ, 60-ամյա Հարություն Փչախչյանին վրաերթի ենթարկելու փաստով։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վարորդը հետիոտնին, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, վրաերթի ենթարկելուց հետո թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի, իսկ վրաերթի ենթարկված Հ. Փչախչյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Գ. Շամշյանը հայտնել էր, որ Ոստիկանության կենտրոնական բաժնի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 1-ին գումարտակի և համայնքային ոստիկանության, ինչպես նաև Երևան քաղաքի վարչության ու կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ գործողությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում արդեն լուսաբացին կենտրոնական ոստիկանություն էր մեղայականով ներկայացել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, սակայն Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող, 30-ամյա Հովհաննես Միսակյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած BMW մակնիշի 85 AT 085 համարանիշի ավտոմեքենայով։