168.am. «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի», Հայաստանի աշխատավորական սոցիալիստական (ՀԱՍԿ), Պահպանողական և Շրջադարձ կուսակցությունների միասնությամբ ստեղծված «Բարև, Երևան» դաշինքը, որը մասնակցում է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին, այսօր իր հերթական հավաքն անցկացրեց արդեն Ազատության հրապարակում:
Հրապարակի հարթակից «Բարև, Երևանի» համակիրների առաջ ելույթ ունեցավ նաև դաշինքի ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը, ում ներկայացնելով' «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեց 2008 թ. մարտի 1-ի Ա.Մարտիրոսյանի սխրանքի և նաև 2013թ. ապրիլի 9-ի հայտնի դեպքերի մասին: «Իմ քթի փոխարեն' Արմեն Մարտիրոսյանն ինքը հարվածն ընդունեց իր վրա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Իր խոսքում քաղաքապետի թեկնածուն ևս մեկ անգամ շեշտեց Երևանի կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտության մասին' նշելով, որ «Բարև, Երևանն» առաջին հերթին փոխելու է հենց այդ կառավարման համակարգը, որը ծառայում է մի քանի օլիգարխների և կուսակցական ղեկավարների: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ փետրվարի 18-ին ժողովուրդն ինքն է կայացրել իր որոշումը, որի արդյունքում, ըստ նրա, ստեղծվեց իրավիճակ, «երբ իշխանությունները հասկացան, որ իրենք այլևս չկան քաղաքացու մոտ»:
Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ քաղաքացիները Երևան քաղաքում առաջին հերթին ընտրելու են ավագանի, և որքան էլ քաղաքապետի անձը կարևոր լինի, ավելի կարևոր է ավագանին:
«Երևան քաղաքում որոշումը կայացնում է ավագանին և ոչ քաղաքապետը: Երևան քաղաքի քաղաքապետն իր 4 տարիների ծառայության ընթացքում չի ունենալու որևէ բիզնես, Երևան քաղաքի քաղաքապետի որևէ հարազատ չի ունենալու բիզնես, Երևան քաղաքի ավագանու' «Բարև, Երևան» դաշինքի որևէ անդամ չի ունենալու բիզնես»,- շեշտեց Արմեն Մարտիրոսյանը:
«Եվ դա է, որ թույլ չի տալու Երևան քաղաքի քաղաքապետին իր պաշտոնավարման ընթացքում 500 անգամ ավել հարստանալ, քան ունեցել է մինչ այդ, դա է որ թույլ չի տալու Երևան քաղաքի ռեսուրսներն «ատկատի» աղբյուր հանդիսացնել, որ մի փոքրիկ դալանը 3000 դոլլարով նկարեն այն դեպքում, երբ ես համոզված եմ, որ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները մեծ սիրով դա կանեին անվճար: Որևէ դեպքում գումար չի ծախսվելու, որ Վոլոչկովա բերվի, որովհետև մենք ունենք Արթուր Իսպիրյանի նման իրական մշակութային արժեք ներկայացնող արվեստագետ»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:
Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանին հարթակ հրավիրելիս' Րաֆֆի Հովհաննիսյանը նրան ողջունելով և բարևելով' ցույց տվեց «Բարև, Երևանի» նախընտրական պաստառում իր և Արմեն Մարտիրոսյանի ձեռքսեղման այն ձևը, որը համացանցում բավական լայն քննարկման առարկա դարձավ, և ասաց. «Այս ձեռքսեղմումը բոլոր բարեկամների համար է»:
Մանրամասները' 168.am-ի տեսանյութում:
Արամ Սարգսյան