ՀՀ ոստիկանության բաժիններում անձանց նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ինչպես ֆիզիկական այնպես էլ հոգեբանական բռնություններ: Ձեռքով, ոտքով, փայտով, մահակով և այլ առարկաներով ծեծից բացի գործում է նաև էլեկտրաշոկով էլեկտրահարելու տարբերակը: Այս մասին է փաստում 2011-2012թթ. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունը:

Ըստ կատարված ուսումնասիրության, որին մասնակցել են 80 անձինք, որոնցից միայն 30 են համաձայնել հարցաթերթիկը լրացնել, հիմնականում նշել են, որ բերման ենթարկվելուց հետո իրենց իսկ իրավունքների մասին չեն ծանուցվել, չի պարզաբանվել նույնիսկ պաշտպան ունենալու իրավունքը, չի տրամադրվել ձերբակալման արձանագրության պատճենը: Հարցվածները անգամ հեռախոսազանգից օգտվելու հնարավորություն չեն ունեցել: Իսկ բռնությունները կիրառվել են մինչև բուն հարցաքննությունը, քննիչի մոտ տարվելը: Ձերբակալվելուց հետո հարցվածների մոտ կեսը ՁՊՎ է տարվել 24 ժամը լրանալուց հետո։

Թեև ՀՀ օրենսդրությունը հստակ սահմանում է անձին ոստիկանություն հրավիրելու կարգը, սակայն Հայաստանում արատավոր գործելաոճ է դարձել անձանց ոստիկանության բաժին հրավիրելու տարբեր մեթոդները, հեռախոսազանգով, տնից բերման ենթարկելու միջոցով: Որպես խախտված իրավունքի բացահայտված դեպքի օրինակ՝ Ավետիք Իշխանյանը նշեց, որ Արման Դավթյանին 2011թ. հունիսի 14-ին առավոտյան, կնոջ և ընկերոջ հետ բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, թույլ չեն տվել օգտվել հեռախոսազանգից և մի քանի անձինք ռետինե մահակներով ծեծի են ենթարկել ՝ ստիպելով ինքնախոստովանական ցուցմունք տալ: Ա. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ նրա կնոջը իր կամքին հակառակ 2011թ. հոկտեմբերի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել և ստիպել, որ ցուցմունք տա, թե իբր ոստիկանների կողմից որևէ բռնություն չի կիրառվել:

Անձը կարող է ժամանակավոր ոստիկանությունում պահվել առանց հստակ կարգավիճակի և միայն ինքնախոստովանական կամ երրորդ անձի դեմ ցուցմունքներ տալուց հետո հստակեցվում է նրա կարգավիճակը և ձերբակալման արձանագրություն կազմվում: Եթե հարցաքննվողը հրաժարվում է տեղեկություններ հաղորդելուց, ապա դրան հաջորդում է բռնությունը:

Դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության նկատմամբ և միևնույն ժամանակ դատարանում պաշտպանում մեղադրանքը, որը որպես կանոն իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության իրականացրած դատախազը: «Ստացվում է, որ դատախազությունը և ոստիկանությունը չեն գործում որպես ինքնուրույն կառույցներ»,- ընդգծեց Ավետիք Իշխանյանը:

Հայաստանում լուրջ խնդիր է դատարանների անկախության հարցը և նրանց ինքնուրույնություն չունենալու մասին է վկայում այն, որ կալանավորումը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարվում է, - նշում է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի նախագահն ու հավելում, որ խախտվում է անձի իրավունքը 8 հոգ համար նախատեսված խցում, պահվում է 20 հոգի, և «եթե Արդարադատության նախարարությունը ինքնուրույն կառույց լինի, ապա էլ ուղղակիորեն չի ընդունի մարդկանց, քանի որ այլևս տեղ չկա»,-ընդգծեց Իշխանյանը:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» առաջարկում է, անձանց ոստիկանություն հրավիրելիս պահպանել օրենսդրական պահանջը և որ անձը ոստիկանություն հրավիրվի ծանուցագրով, նրան ապահովի փաստաբանի հետ ներկայանալու հնարավորություն, ազատազրկված անձանց ՁՎՊ կամ ՔԿՀ ընդունելիս կատարել մանրակրկիտ բուժզննություն և արձանագրել բոլոր մանրամասն վնասվածքները, ինչպես նաև դատարանների կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման մեջ նշել որոշման հրապարակման ժամկետ:

Ավետիք Իշխանյանը նաև նշեց, որ ՁՊՎ կամ ՔԿՀ ընդունվելիս բուժզննությունը երբեմն կատարվել է մասնակիորեն, և ոչ բոլոր մարմնական վնասվածքներն են արձանագրվում: Հաճախ նաև բուժզննությունը կատարվում է ոստիկանի ներկայությամբ, որի պատճառով ազատազրկված անձինք խուսափում են իրենց նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքի մասին հայտարարություն անել:

Հեղինակ:
‹‹Փաստինֆո»