168.am. Օրացույցում մամուլի, խոսքի ազատությանը, լրագրողների համերաշխությանը նվիրված տոներ կան: Մայիսի 3-ը՝ Մամուլի ազատության միջազգային օրը, մեկն է դրանցից: Ազատ խոսքի մասին քննարկումներին Հայաստանում կարևոր դեր է վերապահվում իշխանությունների բարեհաճությանը: Ցանկանա՞ն իշխանությունները, մամուլն ու մյուս լրատվամիջոցներն ազատ կլինեն, չե՞ն ցանկանա, ազատությունները կսահմանափակվեն: Որպես արդեն դասական դարձած օրինակ' բերվում է «Ա1+»-ի դեպքը. Ռոբերտ Քոչարյանն ազատ խոսքի թշնամի էր, փակեց «Ա1+»-ը, Սերժ Սարգսյանն առավել հանդուրժող է. միացրեք որոշ հեռուստաալիքներ և կհամոզվեք: Ազատ խոսքի խնդիրը քննարկվում է նաև մեկ այլ հարթության' անձնական պատասխանատվության դաշտում: Այլ կերպ ասած' կարող ես դուրս տալ' ինչ խելքիդ փչի, և չկարմրել կամ, այնուամենայնիվ, հարգել մասնագիտությունդ և գիտակցել, որ խոսքերիդ համար պատասխանատվություն ես կրում: Կա ազատ խոսքի մեկ այլ' առավել կարևոր որոշիչ, որի մասին գրեթե բոլորս ենք խոսում: Ա) որքանո՞վ ենք ցանկանում ազատ խոսել, և բ) ունի՞ ազատ խոսքը պահանջարկ կամ ազդեցություն: Խորհրդային տարիներին աշխատած լրագրողները պատմում են, որ գրաքննությունը խիստ էր, սակայն գրված յուրաքանչյուր տող, քննադատություն արձագանք էր գտնում: Այսօր իշխանությունների և լրատվամիջոցների կապը չափազանց նուրբ է: Լրագրողներին ոչ ոք չի ասում' գրեք սա կամ նա: Մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում կարող ես հանդիպել հիմնավորված քննադատություն իշխանությունների հասցեին, տեսնել փաստեր' բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացվածության մասին, այդ թեման ընդդիմադիր պատգամավորներն անգամ բարձրացնում ԱԺ-ում: Եվ ի՞նչն է խոսքի ազատության ողջ հմայքը: Ոչ մի արձագանք… Իշխանությունները պարզապես չեն նկատում: Ի՞նչ է ստացվում' Հայաստանի անկախությունից հետո՝ որպես խոշոր ձեռքբերում համարվող խոսքի ազատությունը, որ թվում էր' բացարձակ ազատության զգացողություն կտա, չտվեց: Հիմնավորված ու հանգամանորեն ներկայացվում են ընտրակեղծիքի դեպքերը, բոլոր այն հիմնավորումները, թե ինչո՞ւ չի կարող գործող իշխանության թեկնածուն հավակնել նախագահի կամ քաղաքապետի պաշտոնին: Բնապահպաններն ամենայն մանրամասնությամբ, փաստարկված ներկայացնում են, թե Թեղուտի շահագործումը ի՞նչ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար: Որևէ պաշտոնյա անգամ աչքը չի թարթում: Եվս մի խնդիր. բոլոր մասնագետները, այս դեպքում' լրագրողները, հատկապես, երբ ընտրության հնարավորություն են ունենում, միշտ չէ, որ նախընտրում են ազատ խոսքը: Դառնալով այս կամ այն գերատեսչության լրատվական ծառայության աշխատակից, այս կամ այն կուսակցության անդամ, աշխատելով այս կամ այն լրատվամիջոցում' լրագրողներն իրենք են ազատ խոսքը ստորադասում կուսակցական համերաշխությանը, այսինչ չինովնիկի շահերի սպասարկմանը, կուսակցությունների խոսափողի' ոչ այնքան բարձր կոչմանը: Հետևաբար, խոսքի ազատության խնդիրը Հայաստանում միայն քաղաքական խնդիր չէ: Անձնական, կարելի է անգամ ասել' ինտիմ հարց է. ուզում ես ազա՞տ լինել, թե՞ ազատ լինել այնքան, որ ինքդ որոշես անազատությանդ սահմանը: Ինձ թույլ եմ տալիս նկատել, որ երկրորդ տարբերակն առավել մեծ պահանջարկ ունի: Անդրադառնալով ազատ խոսքին' առավել պակաս ուշադրություն ենք դարձնում ազատ մտքին: Առանց որի ազատ խոսքն ընդամենն աղմուկ է: Ազատություններից ամենաէականը մարդու ներքին ազատությունն է, որը պայմանավորում է մյուս բոլոր ազատությունները, և առանց դրա արտաքին ազատությունն այն է, ինչ հանդիպում ենք սոցցանցերում, հեռուստաէկրաններին, մամուլում: Վիրավորանք միմյանց հասցեին, ցինիզմ, չհիմնավորված բարձր ինքնագնահատական, «ես ձեզնից զզվում եմ», «իսկ ես ձեզ խղճում եմ» ոճի զրույց: Ազատ անհատը, որը վստահ է, որ ինքն ունի ազատ լինելու իրավունք, ցանկանում է, որ ազատ լինելու զգացողություն ունենան բոլորը: Նա, ով իրո՛ք հասնում է ներքին ազատության, անպատճառ տալիս է իրեն այդ հարցը. «Իսկ մյուսնե՞րը»… Մեր փոքրիկ, դատարկվող երկրում այդպիսի «մյուսներ», որոնք նմանատիպ հարցադրումներով իրենց չեն անհանգստացնում, շատ են: Ազատ խոսքի բերանը փակել հնարավոր է: Ազատ մտքինը' ոչ: Եվ երբ այդ ազատ միտքը չկա, դրա տեղը լցվում են դատարկաբանություններով: Մասնավորապես, թե ինչպիսի անփոխարինելի դեր է վերապահված մեր ազգին' համաշխարհային քաղաքակրթության ասպարեզում. «Երբ մենք թատրոն ունեինք, մյուս ազգերը ծառերի վրա էին»: Չափազանց մեծ է գայթակղությունն՝ անդրադառնալ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի' ԱԺ-ում բարձրացրած հարցին' Հայաստան ներկրվող իսրայելական «ծագման» սերմնահեղուկի մասին: Ավելորդ է ասել, թե «Իսրայել» և «սերմնահեղուկ» բառերն ինչ մոգական ազդեցություն գործեցին օգտատերերի վրա. «Ամեն բանի գնում են, որ հայի տիեզերածին գենը վերջնականապես մխտռեն»,- գրեց արիականություն դավանող մեկը: Ավելի ուշ ՊԵԿ-ը պարզաբանումներ տվեց, թե ներմուծվածն «ընդամենը» 2 կգ սերմնահեղուկ է (հետաքրքիրն «ընդամենը» բառն էր): Հրեական դավադրությունն էլ խափանվեց. ըստ ՊԵԿ-ի' սերմնահեղուկը ներմուծվել է Մեծ Բրիտանիայից: Կարճ ասած' ազատ խոսքի ազդեցությունը մեր երկրում շատ ավելի թեթև է, քան Մեծ Բրիտանիայից ներմուծված սերմնահեղուկը: Վերջինս ամբողջ 2 կգ է, իսկ ազատ խոսքը կշիռ ընդհանրապես չունի:

Լիլիթ Ավագյան