168.am. «Քաղաքապետի ընտրությամբ ավարտվեց ընտրական մի ցիկլ: Փաստ է, որ ՀՀԿ-ն երիցս հաստատեց իր հաղթանակը, բայց չէի ուզի այսպես որակավորել, որովհետև ընտրությունը պատերազմ չէ, որ հաղթանակ արձանագրենք, պարզապես երեք անգամ հաստատվեց այս հանգամանքը, որ ՀՀԿ-ն ավելի մեծ համակրանք է վայելում, քան մյուս կուսակցությունները»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Վերջինս նշեց, որ պարտվող ուժերն իրենց պարտությունը կապում են ընտրախախտումների հետ, որովհետև, ուրիշ պատճառ չեն տեսնում: Չնայած Մ. Բադեյանը չի ժխտում, որ ընտրախախտումներ գրանցվել են բոլոր երեք ընտրություններում էլ, բայց, նրա հավաստմամբ, որոշակի դեր չեն ունեցել արդյունքների վրա. «Փաստ է, որ ցանկացած ամենախոշոր խախտումների ժամանակ արդյունքը կարող է շեղվել տասը տոկոսից ոչ ավել: Բայց իրենց պարտությունը հիմա բացատրում են անգամ ամենաչնչին ձայն ունեցող ուժերը: Կա պարզ իրողություն, որ ՀՀԿ-ն վայելում է ավելի մեծ հարգանք, սեր չէի ասի…»: Մայիսի հինգին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում, Մանվել Բադեյանի կարծիքով, նշանակություն ունեցավ նաև անձը, որովհետև Երևանի ազգաբնակչությունը հասկանում է, որ փնտրում է «քաղաքապետ-մենեջեր»: Ըստ նրա, թեպետ այլ կուսակցությունները փորձեցին ընտրությունների ժամանակ օգտագործել իրենց կուսակցությունների անունը, որովհետև, պատգամավորի համոզմամբ, չունեին Տարոն Մարգարյանին արժանի թեկնածու, բայց մարդիկ ավելի խելոք գտնվեցին, քան կարծում են քաղաքական որոշ հաշվարկ անողներ: ՀՀԿ-ական պատգամավորը ավելացրեց, որ ավելի խոսուն փաստ չկա, քան ընտրության արդյունքները: Իսկ պարտվող կուսակցությունները փորձում են բացատրել իրենց պարտությունը' նվաստացնելով սեփական ժողովրդին. «Ասում են թե վախացրել են մարդկանց, գնացել քվեարկել են: Ո՞ւմ են վախեցրել: Խախտումները այնպես, ինչպիսին լինում են Նիգերիայու,հրացանի փողի տակ, տասը տոկոսից ավել չեն ազդում ընտրությունների արդյունքի վրա»,- ասաց նա: Ասուլիսին ներկա ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ նշեց, որ ընտրություններից հինգ օր առաջ հրապարակվում են հարցումներ, ըստ որոնց՝ տասը տոկոսը ուզում է փախչել Հայաստանից, 70 տոկոսն էլ դժգոհ է ոչ միայն իր ապրելակերպից, այլև իշխանությունից, և կասկածելի է, որ այս ամենով հանդերձ հաղթում է ՀՀԿ-ն: Մանվել Բադեյանն էլ մի օրինակ բերեց. «Հիմա ընկերուհինով հավաքվում են, ասում են՝ սա կյանք չի , ուզում են ամուսնալուծվեն, բայց դա հո այդպես չէ՞»:
Տիգրանուհի Մարտիրոսյան