Շարունակում ենք դեռ անցած տարի սկսած՝ «Ովքե՞ր են տնօրինում մեր ճակատագրերը» շարքը՝ ներկայացնելով հաջորդ «ազգընտիրին»: Եվ այսպես, դիմավորեք՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյան:
Բադեյանը մի սովորական ՀՀԿ-ական պատգամավոր է, ավագ սերնդի ներկայացուցիչ, որը մյուսների նման սիրում է մեկ-մեկ հայտնվել սկանդալային իրադրություններում՝ մի շարք անզգույշ արտահայտությունների պատճառով: Օրինակ, ո՞վ էր խնդրում նրան 2013-ին հարցազրույցներից մեկի ժամանակ լեզվի սայթաքում անել և թեկուզ ոչ գիտակցաբար վիրավորական արտահայտություն անել եզդիների հասցեին, որ հետո էլ կրակն ընկնի ու վերջում ներողություն խնդրի: Ոչ ոք նրան չէր խնդրել, ինքնակամ էր արել, ստացվել էր այդպես:
Մի անգամ էլ այնպես էր ստացվել, որ կառավարության՝ վարչական անհարկի ծախսերի, մասնավորապես թանկարժեք բազմոցներ ձեռք բերելու մասին խոսելիս՝ ասել էր, թե «եթե ներկայացուցչություն է գալիս, տաբուրետկայի՞ն նստացնենք»:
Մի ուրիշ անգամ էլ այնպես էր ստացվել, որ պատգամավորը հարցազրույցի ժամանակ խոսելով իր՝ բիզնես ունենալու մասին, ասել էր, թե «ամոթ է աղքատ լինելը, ամոթ չի հարուստ լինելը» և նորից դարձել էր քննադատության թիրախ: Միգուցե նաև միտումնավո՞ր է նման «անզգույշ» արտահայտություններ անում՝ փորձելով դառնալ սկանդալային կերպար. հնարավոր է:
Ի դեպ, բիզնես ասեցինք, ուրեմն՝ Բադեյանի բիզնեսի մասին էլ խոսենք: Այո, Բադեյանը բիզնես ունի, «Եվրոստան ույուտի» սեփականատերն է, ունի նաև 50% բաժնեմաս «Տերմոապակի» ՓԲԸ-ում, չնայած ԱԺ պատգամավոր է: Ինքն ասում է, թե բիզնեսով չի զբաղվում, ընդամենը սեփականատեր է:
Բիզնես ունեցող պատգամավորի եկամուտներն էլ վատը չեն, հայտարարագրված է 744 միլիոն դրամ գումար, տարեկան 34 միլիոն դրամից ավելի եկամուտ, 18 անշարժ գույք, 3 ավտոմեքենա:
Ինչպես տեսնում ենք, գործերը վատ չեն, իսկ այ օրենսդիր գործունեության մեջ պատգամավոր Բադեյանին նույն հաջողությունը վերագրել դժվար կլինի. 1999թ.-ից պատգամավոր է և ընդամենը 2 անգամ է հանդես եկել նախաձեռնությամբ, այն էլ՝ ընդհանուր խմբի հետ միասին, ընդամենը 3 անգամ է ելույթ ունեցել, 4 անգամ էլ հարց է տվել, իսկ այ բացակայել քվեարկություններից հասցրել է 92 անգամ: Իհարկե, ավելի շատ բացակայողներ էլ ունենք, բայց դե էլի քիչ չէ, մանավանդ որ «բիզնեսով չզբաղվող» պատգամավորը, ինչպես ինքն է ասում, պետք է որ քվեարկություններին մասնակցելու հետ կապված ժամանակի խնդիր չունենա: