Որոշել եմ այսուհետ ձեր ուշադրությանը ներկայացնել այն մարդկանց, ովքեր այսօր տնօրինում են մեր ճակատագրերը, օրենքներ են ընդունում, երկիր են ղեկավարում, որպեսզի մենք էլ ավելի ճիշտ պատկերացնենք, թե ում ենք վստահել (եթե, իհարկե, վստահել ենք, այլ մեզ չեն պարտադրել) մեր պետության ղեկավարությունը: Սկսեմ Ազգային ժողովից. առաջինը պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն է:

 

ԱԺ կայքում տեսնում ենք, որ Լեռնիկ Ալեքսանյանն ԱԺ պատգամավոր է 1998թ.-ից, 2003-ից սկսած ՀՀԿ խմբակցության անդամ է, ընտրվել է համամասնական ընտրակարգով: Այսինքն՝ եթե ՀՀԿ-ն Ալեքսանյանին ներառել է իր համամասնական ցուցակի մեջ, պետք է որ գնահատած լինի նրա պոտենցիալը:

 

Հիմա տեսնենք, թե ինչ պոտեցիալ ունի Լեռնիկ Ալեքսանյանը և ինչպիսի օրենսդիր կարող է լինել (դե հիշեցման կարգով էլ ասեմ, որ օրենսդիրը ոչ միայն կոճակ սեղմող է, այլ նաև օրենքներ նախաձեռնող, օրինագծեր ներկայացնող): Նայենք parliamentmonitoring.am կայքը և տեսնենք, թե այսքան տարիների օրենսդիր գործունեության ընթացքում քանի անգամ է Լեռնիկ Ալեքսանյանը հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ:

 

Պատկերացրեք, որ թիվը բավականին տպավորիչ է՝ 0 (զրո): Պատկերացնո՞ւմ եք՝ 17 տարվա օրենսդիր գործունեություն և ոչ մի օրենսդրական նախաձեռնություն:

 

Ընդհանուր առմամբ, Լեռնիկ Ալեքսանյանը բոլոր նստաշրջաններում միասին վերցրած՝ տարբեր առաջարկներին քվեարկել է կողմ՝ 278 անգամ, դեմ՝ 2 անգամ, չի քվեարկել՝ 4 անգամ, գրանցվել է բացակա՝ 1 անգամ: Բացի այդ, 1 անգամ էլ Լեռնիկ Ալեքսանյանը դահլիճում հարց է հնչեցրել և 3 անգամ ելույթ ունեցել: Այդքան տարիների ընթացքում՝ ընդամենը 1 հարց և 3 ելույթ:

 

Հարց է առաջանում՝ ի՞նչ տրամաբանությամբ է ՀՀԿ-ն Ալեքսանյանին ներառել իր համամասնական ցուցակում: Միգուցե հանուն նրա ունեցվածքի՞: Բայց ախր առանձնապես մի մեծ ունեցվածք էլ չունի, 2014-ին էլ ունեցել է ընդամենը 7.368.570 դրամ եկամուտ: Ըստ մամուլի հրապարակումների էլ՝ Արարատի մարզում ունի գյուղատնտեսական բիզնես, 370քմ հողատարածք: Ընդունեք, որ առանձնապես ճոխ չի ապրում, նրա ռեսուրսների վրա դժվար թե հույս դնեն իշխանությունները, օրենսդրական պոտենցիալն էլ առանձնապես չի հիացնում: Բայց փաստը մնում է փաստ, որ Լեռնիկ Ալեքսանյանն օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է:

 

Շարունակելի...

 

Կարեն Վարդանյան