Հաջորդ «ազգընտիրը», որ կներկայանա ձեր ուշադրությանը, քոչարյանական ճամբարի կարկառուն ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն է: Նախկինում ՀՀ ԱԳՆ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած այս գործչի անունը մշտապես կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև նրա վերելքը քաղաքական դաշտում եղավ հենց Քոչարյանի օրոք. Քոչարյանի օրոք Օսկանյանը դարձավ ԱԳ նախարար, 1998-ին Քոչարյանի հետ եկավ, 2008-ին Քոչարյանի հետ էլ գնաց: Գնալուց 4 տարի հետո, իհարկե, նորից հետ եկավ, ինչը նույնպես անմիջականորեն կապված էր Քոչարյանի՝ նորից ակտիվանալու հետ, որովհետև նախկինում անկուսակցական Վարդան Օսկանյանը քաղաքականություն վերադարձավ՝ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հենարանը հանդիսացող ԲՀԿ-ի կազմում, դարձավ ԱԺ պատգամավոր:
2015-ի սկզբում ՀՀԿ-ԲՀԿ հակադրության հանգուցալուծումից հետո (ինչի արդյունքում ԲՀԿ-ն դադարեց այլևս Քոչարյանի հենարան հանդիսանալուց), երբ սկսվեց ԲՀԿ-ից «առնետավազքը», Օսկանյանն առաջին հեռացողներից էր…
Ու հեռացավ: Իհարկե, նա ԱԺ-ում մնաց, ավելի շուտ՝ մնաց նրան անունը, բայց ձայնը կարծես թե չի լսվում…
Բայց ամեն հեռանալուց հետո վերադառնալ կա, ինչը նույնպես անմիջականորեն կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Քանի որ Քոչարյանը վերջերս նորից է սկսել ակտիվացման նշույլներ ցույց տալ, արդեն զուգահեռ սկսել են նաև լուրեր շրջանառվել, որ Օսկանյանը հնարավոր է՝ շուտով հայտարարի նոր կուսակցության ստեղծման մասին: Այս նոր կուսակցությունը կլինի Ռոբերտ Քոչարյանի հերթական հենարանը:
Ստացվում է, որ Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունեցող ոչինչ չի՞ արել: Ոչ, իհարկե, արել է, օրինակ բոլորս էլ հիշում ենք Հանթսմանի փողերի հետ կապված պատմության մեջ նրա հայտնվելը, հիշում ենք նաև, թե ինչպես 2014-ին իր ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցով Հայաստան հրավիրեց ցեղասպան Ջեմալ փաշայի թոռանը, ով Երևանի կենտրոնում՝ Մոսկվա կինոթատրոնի դահլիճում ելույթ ունենալիս «Նեմեսիսի» հայ վրիժառուներին անվանեց «ավազակներ» և այլն:
Ինչպես տեսնում ենք՝ Օսկանյանի գործունեությունը մինչ օրս բազմաբնույթ ու «բովանդակալից» է եղել, բայց նույնը չենք կարող ասել ԱԺ-ում նրա ակտիվության մասին. որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, 4 տարվա մեջ ընդամենը 1 անգամ է ելույթ ունեցել, 2 անգամ հարց ուղղել, իսկ բացակայել քվեարկություններից հասցրել է 344 անգամ: Բացակայությունների մասին չենք կարող ասել՝ դրանք Ռոբերտ Քոչարյանի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ: