«Երկիրը կայունացնելու հիմնական գործոններից է համարվում արտաքին քաղաքականությունը, որը մեր իշխանություններին այդպես էլ չհաջողեց իրականացնել: Մեր երկրի արտաքին քաղաքականությունն իր նպատակին երբեք չի ծառայել: Մեր սուվերենության աստիճանը լուրջ նվազել է, մենք մեր տեղն ու դերը կորցրել ենք միջազգային թատերաբեմում: Արտաքին քաղաքականությունը մեր երկրում դարձել է նպատակ, ոչ թե միջոց, և դրա ապացույցը մեր երկրի ղեկավարի տարատեսակ այցերն են արտասահմանյան երկրներ, որոնք խորքային որևէ բան չունեն»,-ասաց ՕՐՕ դաշինքի առաջնորդներից՝ Վարդան Օսկանյանը:

Խոսելով Առաջին նախագահի վերջին հարցազրույցի մասին՝ նախկին պաշտոնյան նշեց, որ Մեղրիի տարածքի հետ կապված Տեր-Պետրոսյանի շահարկումը սխալ է և հիմնազուրկ, քանի որ ՀՀ որևէ իշխանություն այդ հարցը չի քննարկել: «Անգամ անիմաստ եմ համարում ժամանակի վատնումն՝ այդ դիրքորոշումը հերքելու համար: Դառնալով Արցախի հարցի կարգավորման շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներին՝ պետք է ասեմ, որ պարտվողական քաղաքականությունն ու թույլ մոտեցումը որևէ դրական բան չի կարող տալ մեզ: Ռեալ հնարավորւթյուն կա տնտեսական աճ ապահովել և խաղաղություն ապահովել՝ Արցախի հարցում բանակցությունների շարունակականության շնորհիվ»:

Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ առաջին նախագահն իրեն համարել է Մադրիդյան սկզբունքների հայրը. «Ես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դրույթը ներառել եմ Մադրիդյան սկզբունքների մեջ, այդ փաստաթղթի առաջին պարբերության մեջ, այո՛, ես դրանից չեմ հրաժարվում: Բայց՝ կա մի բայց, ինձանից հետո այդ պայմանագիրը ենթարկվել է խմբագրումների»: 

Աղավնի Սուքիասյան