Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանն անդրադարձավ վերջին օրերին կատարվող իրադարձություններին և, մասնավորապես, Դաշինքին սատարող Սամվել Բաբայանի ձերբակալմանը՝ խորհուրդ տալով Սամվել Բաբայանի մասին տեղեկատվություն հրապարակելիս ակտիվաորեն համագործակցել նրա փաստաբանի հետ՝ հանրությանը ճշտված տեղեկություններ ներկայացնելու համար:
«Կեղծ տեղեկատվություն է տարածվում, խորհուրդ կտամ զերծ մնալ նման տեղեկատվություններ տարածելուց և շեշտում եմ, որ մեր պայքարը միայն ապրիլի երկուսով չի ավարտվելու: Սամվել Բաբայանի հետ կապված՝ մենք աշխատում ենք միայն փաստաբանի հետ: եթե իրավապահների մոտ կան տեղեկություներ, թող այն մեզ տան, որ մենք էլ զբաղվենք, իսկ եթե չկան, ապա սա քաղաքական հետապնդում եմ համարում: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դաշինքը ունի ուժ և կարող է ձևավորել կառավարման նոր համակարգ»:
Անդրադառնալով դատախազության այն հայտարարությանը, որ Սամվել Բաբայանն ընդունել է իր առնչությունն այդ զենքի հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ո՞վ է այդ մարդը, որ մաքսանենգ ճանապարհով «Իգլա» է բերել, թող գա և ասի, տեղեկատվություն տա, որովհետև այն, ինչ ներկայացվում է, ընդամենը խողովակատիպ գործիք է, որը չի կարող կրակել»:
Ասուլիսի մասնակից՝ ՕՐՕ դաշինքի մյուս անդամ Վարդան Օսկանյանը Սամվել Բաբայանի ձերբակալումը համարեց քաղաքական հետապնդման արդյունք, իսկ Բաբայանին՝ քաղբանտարկյալ, ինչպիսին է, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանը:
Խոսելով Դաշինքի հետագա ծրագրերի մասին՝ Վարդան Օսկանյանը նշեց, որ ժողովուրդն իրենց կհուշի, թե իրենց հետագա պայքարն ինչ ձևով շարունակեն. «Եթե ժողովուրդը որոշի, որ մենք պետք է դուրս գանք փողոց, ապա այդպես էլ կանենք, բայց որ ապրիլի երկուսով չենք բավարարվելու, դա հաստատ է»:
Ըստ ՕՐՕ դաշինքի ներկայացուցչի՝ որքան ընտրությունները մոտենում են, այնքան ավելի ակնհայտ են դառնում ընտրախախտումների մասին բացահայտումները, որոնցից ամենավերջինը դպրոցի տնօրենների ապօրինություններն էին, որին ականատես եղավ ողջ հանրությունը:
Աղավնի Սուքիասյան