Վայոց Ձորի նախկին մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու ընտրացուցակում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ:
Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ), ոստիկանության նախապատրաստած նյութերի հիման վրա մայիսի 2-ին Հայաստանի գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության ներկայիս պետ Բաբկեն Մկրտչյանի եւ մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նախաքննություն կատարելու համար մայիսի 3-ին գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Թեեւ ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե ինչ չարաշահման մասին է խոսքը, սակայն գործող հանրապետական մարզպետ Էդգար Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ մոտ տասն օր առաջ ոստիկանությունը դիմել է մարզպետարան եւ տեղեկություններ է պահանջել 2012 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար ստացված եւ բաշխված դիզվառելիքի վերաբերյալ, իրենք էլ այդ տեղեկությունները տրամադրել են ոստիկանությանը: Այսինքն կարելի է ենթադրել, որ հափշտակությունը վերաբերում է հենց դիզվառելիքին:
Մինչդեռ ԲՀԿ-ն պնդում է, թե Երեւանի ավագանու իր ցուցակում 4-րդ տեղը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանը չարաշահումների հետո որեւէ առնչություն չունի: Բագրատյանը մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2010 -2012 թվականներին: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, նշեց, թե հավատում է իր գործընկերոջը եւ կարծում է, որ նա որեւէ չարաշահման հետ առնչություն չունի:
«Եթե չլինի հատուկ ուղղորդում, եթե չլինի հատուկ խնդիր' այլ ուղղությամբ տանել քննությունը, ես հավատում եմ մեր գործընկերոջը, որ ինքը տվյալ չարաշահման հետ որեւէ առնչություն չունի, ավելին' պատրաստ է բաց, հրապարակային եղանակով ապացուցել իր առնչություն չունենալը տվյալ մեղադրանքի հետ», - հայտարարեց Զոհրաբյանը:
Ուշագրավ է, որ ԲՀԿ-ական նախկին մարզպետի դեմ քրեական գործի հարուցման եւ նրան վերագրվող չարաշահումների մասին հայտնի դարձավ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում: Պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է քրեական այս գործում, Զոհրաբյան ասաց, թե այս պահին կդժվարանա նման գնահատական տալ. - «Մենք եւս ծանոթանում ենք փաստերին, փորձում ենք համակողմանի քննարկել երեւույթը, եւ երբ կունենանք ամբողջ պատկերը, այդ ժամանակ կարող եմ այդ հարցին պատասխանել»:
Վայոց Ձորի ներկայիս մարզպետը, ով պաշտոնը ստանձնել է 2012-ի հունիսին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժվարացավ որեւէ բան ասել նախկին մարզպետի, մարզպետարանի աշխատակցի եւ գյուղապետերի համաձայնությամբ կատարված չարաշահումների մասին:
«Եթե լինում են փաստաթղթերի կեղծումներ, ենթադրենք համայնքում չի բաշխվում վառելիքը, բայց դրա փոխարեն ստորագրվում է, որ կարծես թե ինչ-որ մեկը ստացել է դա, ռիսկերից մեկն եմ ես ասում… սա արդեն այլ բնույթի խնդիր է, եւ մարզպետարանը չի կարող բացահայտել ու պարզել' ստորագրությունները կեղծ են, թե' ոչ: Դա նախաքննական մարմնի գործառույթն է, ինչը որ հիմա իրականացվում է», - ասաց Էդգար Ղազարյանը:
Առայժմ պարզ չէ, թե արդյոք չարաշահումների մեջ մեղադրվող նախկին մարզպետը կներգրավվի ավագանու կազմում: Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ վերջնական որոշում չունեն մասնակցելու են ավագանու աշխատանքներին, թե' ոչ, չնայած հիմնական տեսակետը այն, որ պետք է վերցնել մանդատները եւ շարունակել պայքարը:
«Բայց եթե մենք մասնակցենք ավագանու աշխատանքներին, կարծում եմ, որ պարոն Բագրատյանը կլինի ավագանիում», - ասաց Զոհրաբյանը: