Դիտորդի նկատմամբ բռնություն գործադրելով նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում՝ ժամը 14:30-ի սահմաններում, Ս. Մուրադյանն այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելու նպատակով մի խումբ անձանց հետ մտել է Արտաշատ քաղաքի թիվ 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրել ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Ն. Իսմաիլիի նկատմամբ, նրան զրկել շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից' խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ս. Մուրադյանը նաև օժանդակել է ինքնությունը չպարզված անձին քվեատուփի մեջ քվեաթերթիկներ լցնելուն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 38-153-րդ հոդվածով: Նրա վերաբերյալ քրական գործն անջատվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։