Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան տրվել է ընդունելություն՝ ի պատիվ Բելառուսի Նախագահի և նրա գլխավորած պատվիրակության:
Պաշտոնական ընթրիքի ժամանակ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին մեր երկրում և իր բաժակաճառում ընդգծել հայ-բելառուսական ջերմ և պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք, Նախագահի խոսքով, արտահայտվել են ամենադժվարին պահերին միմյանց ձեռք մեկնելու, անվերապահ աջակցելու պատրաստակամությամբ և հոգատար վերաբերմունքով: Այդպիսի վերաբերմունքը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, դժվար է գերագնահատել, քանի որ հենց դա է բարեկամությունը: ՀՀ Նախագահը հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում մեծապես կարևորել է Բելառուսում և Հայաստանում ապրող և արարող երկու համայնքների գործունեությունը: «Մեր ժողովուրդների հարաբերությունների փառավոր պատմության մասին կարելի է երկար և գեղեցիկ պատմել, բայց ես վստահ եմ, որ նույնպիսի ջերմությամբ Հայաստանի քաղաքացիները կխոսեն տասնամյակներ, հարյուր տարի անց և դրանից հետո էլ, քանի որ համոզված եմ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: Ես վստահ եմ, որ մեր բարեկամությունը հարատև է:
Կարծում եմ, որ մենք բոլոր հիմքերն ունենք այսօրվա բանակցությունների արդյունքներից գոհ լինելու, քանի որ դրանք ևս մեկ անգամ հաստատեցին մեր փոխադարձ ձգտումը՝ ամրապնդել այդ հարաբերությունները: Մենք այսօր ևս մեկ անգամ հաստատեցինք, որ բաց ենք միմյանց առջև և պատրաստ ենք հնարավորության սահմաններում օգնություն ցուցաբերել, եթե դրա կարիքը մեզնից մեկն ունի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջարկել բաժակ բարձրացնել հանուն Բելառուսի Հանրապետության Նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների, հանուն երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման, հանուն հայ և բելառուս ժողովուրդների խաղաղության ու բարօրության:
Բելառուսի Նախագահը երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի, ջերմ ընդունելության և բարեկամական մթնոլորտի համար, որով, ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի, այցի օրերին շրջապատված է իր գլխավորած պատվիրակությունը հնագույն, հիասքանչ և հյուրասեր Հայաստանի հողում: Նա նշել է, որ Բելառուսում միշտ էլ ջերմությամբ են վերաբերել Հայաստանին, որը հայտնի է իր բազմադարյա պատմությամբ, ինչպես նաև հարուստ մշակութային ավանդույթներով: Նախագահ Լուկաշենկոն գոհունակությամբ է նշել, որ իր պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավատեսություն են ներշնչում և ակնառու կերպով ցույց են տալիս հարաբերություններն առավել ամրապնդելու կողմերի պատրաստակամությունը: «Ես միանգամայն վստահ եմ, որ համատեղ ջանքերով ծանրակշիռ արդյունքների կհասնենք մեր համագործակցության ոլորտների ընդլայնման և տնտեսության ոլորտում սերտ փոխգործակցության ու առևտրաշրջանառության ծավալների մեծացման գործում»,-ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մաղթելով ՀՀ Նախագահին և ամբողջ հայ ժողովրդին խաղաղություն, երջանկություն և բարեկեցություն: