Երևանում 14-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար մեղադրվող նախկին զինվորական 70-ամյա Պավել Կ.-ն, որի գործին ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր, դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Նրա փաստաբան Ժորա Խաչատրյանը պատրաստվում է Վերաքննիչ դատարանում բողոքարկել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը' պահանջելով վերաորակել քրեական հոդվածը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ 70-ամյա ծերունուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախորդ տարվա սեպտեմբերին իր բնակարանում հյուրընկալել է կնոջ ազգականներ անչափահաս եղբայրներ Վահեին ու Կարենին ու սեռական ցանկությունները փորձել բավարարել երեխաներից մեկի միջոցով:
Կատարվածից հետո հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով. «սեքսուալ բնույթի բռնի գործողությունները , որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ»:
Դատարանում Պավել Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին, այժմ, փաստաբանի խոսքով, հուսահատ վիճակում է: «Այստեղ հարցն այն է, որ բոլոր այդ մասին լսողները չեն ուզում մարդուն տեսնել այդ ամենի հետևում», -մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը: Նա նկատեց, որ Վերաքննիչ դատարանից իրենք պահանջում են գործը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով. «սեքսուալ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ»: Այս հոդվածով, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը ենթակա է արդարացման, քանի որ այն հարկադրանք, բռնություն չի պարունակում:
Դատարանում մասնավորապես պարզվել է, որ դատապարտված ծերունու կնոջ հարազատներն իրենց անչափահաս որդիների հետ եկել են իրենց տուն, և ինքը առաջարկել է նրանց իջնել նկուղ ու այնտեղ գտնվող ջրատաքացուցիչը մասնատել և հանել գունավոր մետաղները: Գործի նյութերից տեղեկանում ենք, որ նրանք իջել են նկուղ, որտեղ ինքը երկու բաժակ օղի է խմել և հարցրել տղաներին' նրանք կցանկանան խմել, թե ոչ: Վահեն հրաժարվել է, իսկ Կարենը խմել է, թե ոչ ինքը չի տեսել: Քիչ անց իրենք բարձրացել են բնակարան, որտեղ ինքը Վահեին առաջարկել է իր բնակարանի պատշգամբում մագնիսով առաձնացնել գունավոր մետաղները:
Ինքը Կարենի հետ գնացել է ննջասենյակ ' այնտեղ կատարված վերանորոգումը ցույց տալու համար: Ամբաստանյալը դատարանին պատմել է, որ միջանցքը նեղ լինելու պատճառով ինքը ձեռքը դրել է Կարենի ուսին և այդ պահին նրանք համբուրվել են, որից հետո մտել են ննջարան, և Կարենը, տեսնելով վերանորոգումը, սկսել է իրեն գովաբանել ու թեքվել է իր կողմ: Այդ պահին իրենք երկրորդ անգամ համբուրվել են շրթունքներով: Ինքը կատարել է անչափահասի կամքը, թույլատրել է, որպեսզի նա իրականացնի իր ցանկությունները: Ամբաստանյալն ասել է, որ Կարենի նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել, սպառնալիքներ չեն եղել: Դրանից հետո լսել են մեծ եղբոր' Վահեի ձայնը: Վերջինս մտել է ննջասենյակ և ասել, որ մայրը տուն է կանչում, որից հետո եղբայրները միասին գնացել են:
Դատարանում անչափահասի ներկայացուցիչը, որը երեխայի մայրն է եղել, դատարանին գրավոր դիմում է ներկայացրել և հայտնել, որ իր որդու հետ կատարվածի մասին ցուցմունքի մեջ նշել է, որ Պավել Կ-ն իր նկատմամբ բռնություն է գործադրել: Հետագայում որդին իրեն պատմել է, որ ինքը գնացել է' չհասկանալով տվյալ գործողությունների էությունը ու բովանդակությունը: Եղբոր կողմից նկատվելուց հետո է միայն հասկացել արարքի ամոթալի լինելը և իրեն արդարացնելու համար հայտնել է թե Պավել Կ.-ն իր նկատմամբ բռնություն է գործադրել և սպառնացել: Մայրն ասել է, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք չունի:
Դատարանը չի բավարարել Ժորա Խաչատրյանի միջնորդությունը հանցանքը վերաորակելու մասին, իսկ Պավել Կ.-ի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ նա նախկինում դատապարտված չի եղել, 70 տարեկան է, կենսաթոշակառու է, ԽՍՀՄ և ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից պարգևատրվել է մեդալներով: Իսկ ծանրացնող հանգամանք է դատարանը համարել արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:
Ժորա Խաչատրյանն ասաց, որ դատարանում չի ապացուցվել այն, որ իր պաշտպանյալը իբրև թե բռնություն է գործադրել անչափահասի նկատմամբ և դա հիմք է, որպեսզի առաջիկայում վերաքննիչ բողոք ներկայացնի Վերաքննիչ դատարան: Իսկ եթե այստեղ էլ անհաջողություն ունենա, անպայման դիմելու է նաև Վճռաբեկ դատարան: «Իմ պաշտպանյալը պետք է պատասխան տա ոչ թե իր չարածի, այլ արածի համար», -ասաց նա:
Նախորդող հրապարակում. 70-ամյա ծերունին սեռական ցանկությունները բավարարել է' բռնությամբ համբուրելով 14-ամյա տղային. դատն ավարտական փուլում է