Lragir.am. Հայաստանի հասարակությունը ցույց է տալիս իր փշերը: Այն դեռեւս ոզնու նման չի դարձել գունդ, երբ մոտենալն արդեն վտանգավոր է, եւ կարող են նահանջել անգամ ամենակատաղի կենդանիները, բայց եթե բարձրացված հարցերը մի փոքր էլ մնան անպատասխան, ապա թվում է, որ այլեւս հասարակության փշե գունդն անխուսափելի է լինելու:
Իշխանությունն անկասկած գիտակցում է դա, ու երեւի թե ամենից լավն է գիտակցում: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ հույս ունի անցկացնել խնդիրը լոկալ լուծումների միջոցով, մի քիչ այս հարցում բավարարելով հասարակությանը, մի քիչ այն:
Այստեղ իշխանությունը կարող է երկու հիմնական մոտիվ ունենալ:Մեկն այն, որ իշխանությունը փորձում է հարցին լուծում տալ հնարավորինս քիչ կորուստներով կամ զիջումներով, համարելով, որ հնարավոր կլինի այդպիսով խուսափել սոցիալական բունտից, իսկ կարեւորը դա է:
Բայց, այդ մոտեցումն իհարկե խիստ անհեռանկար է: Հնարավոր է առանձին, լոկալ լուծումներով կանխել հասարակության տրանսֆորմացիան փշե գնդի, բայց եթե չեն տրվում հիմնարար, ինստիտուցիոնալ, այսպես ասած համակարգային լուծումներ եւ չեն ձեւավորվում հասարակության սոցիալ-տնտեսական դիմադրունակության նոր եւ առավել կենսունակ, մրցունակ ու արդիական համակարգեր, ապա փշե գնդի ուրվականը իշխանությանը հետապնդելու է անընդհատ եւ խլելով փոքր-փոքր ռեսուրսներ, մի օր էլ իշխանությանը կանգնեցնելու է արդեն այդ փոքրի բացակայության տխուր փաստի առաջ:
Հույսը, թե արտագաղթն ավելի ուժգին կլինի, երեւի թե իզուր է, որովհետեւ ի վերջո դա էլ հանրության հնարավորությունների հետ է կապված, որոնք սպառվում են, այլընտրանք չթողնելով փշին:
Մյուս կողմից, ակնհայտ է նաեւ, որ երկիրն իսկապես սնանկ վիճակում է: Այդ սնանկությունը միայն վերջին 5 տարիներին վերագրելը կամ սեփական մոլորվածության դրսեւորում է, կամ այլոց մոլորեցնելու փորձ: Հայաստանը սպառվել է հետեւողականորեն, մոտ երկու տասնամյակ, անգամ, երբ երկնիշ տնտեսական աճ էր արձանագրում: Այդ աճն ընդամենը փուչիկի էֆեկտով էր ապահովվում, իսկ դրա ընթացքում չի եղել որեւէ ինստիտուցիոնալ բարեփոխում: Երկնիշ տնտեսական աճն այդ բարեփոխումների լավագույն ժամանակահատվածն էր, որովհետեւ մեկնարկային մակրոտնտեսական եւ արտաքին պայմանները նպաստավոր էին:
Երկնիշ աճը միգուցե կնվազեր միանիշի, բայց չէր լինի ռեցեսիա եւ հնարավոր կլիներ բարենպաստ այդ պայմաններում կատարել անհրաժեշտ երկրորդ սերնդի բարեփոխումները թե տնտեսական, թե քաղաքական իմաստով:
Մոլորություն, կամ այլոց մոլորեցնելու դրսեւորում է կարծել, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո այդ բարեփոխումներն անելը ավելի հարմար եւ դյուրին էր, քան մինչ այդ, հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Դա ամենեւին չի կարող արդարացում լինել տնտեսական քաղաքականության եւ քաղաքական որոշումների այն բոլոր սխալների համար, որ գործվել են 2008 թվականից հետո:
Բայց, խնդիրն այն է, որ մինչեւ 2008 թվականը Հայաստանի տնտեսության փուչիկը լցվում էր պայթյունավտանգ գազով, որը էժան էր եւ հնարավորություն էր տալիս մակրոտնտեսական երկնիշ ցուցանիշներ ստանալ, թեեւ փուչիկը փաստացի լցվում էր պայթյունավտանգ գազով: Իսկ ավելի թանկ, բայց ապահով «հելիումով» լցնելու պահը բաց թողնվեց, նախապատվությունը տալով վիճակագրական ցուցանիշների ճոխությանը, քան տնտեսական կառուցվածքի ամրությանը:
Դրա համար էլ առաջին իսկ կայծից փուչիկը պայթեց:
Խնդիրը մի սխալով մյուսն արդարացնելը չէ, պարզապես իրավիճակը հնարավորինս համակողմանի պատկերացնելու եւ հնարավորինս ճշգրիտ լուծումների, նաեւ քաղաքական մանիպուլյացիաները չեզոքացնելու համար անհրաժեշտ է իրավիճակը գնահատել հնարավորինս ամբողջական: Իսկ տնտեսության համար քսանամյա շրջանը նույնիսկ փոքր ամբողջություն է, հատկապես հասարակարգային տրանսֆորմացիայի ենթարկվող տնտեսության համար:
Այդ իմաստով, զգալի չափով օբյեկտիվ կարող է լինել այն, որ չկան մեկը մեկից ավելի ագրեսիվ ի հայտ եկող սոցիալական խնդիրները կարգավորելու համակարգային մեխանիզմներ, դրանք չեն աշխատում, իսկ իշխանությունը՝ տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը, սոցիալական ճակատի առկայության պայմաններում քիչ հավանական է, որ դիմի ռիսկի եւ բացի նաեւ երկրորդ լիարժեք ճակատն ընդդեմ տնտեսությունը յուրացրած եւ քվոտավորած օլիգարխիայի:
Սարգսյանի համար որպես համեմատաբար առավել ապահով մնում է ժամանակ շահելու տարբերակը, ինչն էլ կարող է լինել ներկայում փոքր ռեսուրսներով խնդիրը կարգավորելու մարտավարության մոտիվի երկրորդ տարբերակը: Սարգսյանն ավելիի ռեսուրս չունի եւ փորձում է ժամանակ շահել, համակարգային ռեսուրսներ ապահովելու եւ առավել հիմնարար քայլեր կատարելու համար: Նա հայտարարել է, որ ներկայիս ժամանակահատվածն ամենաբարենպաստն է 2008 թվականից ի վեր: Բայց պարզ է, որ ընտրական ցիկլից հետո անցած մի քանի շաբաթը Սարգսյանի համար խիստ անբավարար է իր իշխանությունը սոցիալական առավել հիմնարար եւ ինստիտուցիոնալ կարողականությամբ օժտելու համար:
Ընդ որում, ակնհայտ է, որ Սարգսյանը չի կարող այդ հարցը լուծել այնպես, ինչպես օրինակ իր նախորդ Ռոբերտ Քոչարյանը: Ժամանակը եւ արտաքին տնտեսա-քաղաքական միջավայրը պարտադրում են տնտեսության կառուցվածքային վերանայումներ, ինչը անխուսափելիորեն նշանակում է կապիտալի հավասարակշռության վերաբաշխում եւ տնտեսական աճի զգալի ապակենտրոնացում: Իսկ ամենախնդրահարույցը եւ պարադոքսալն այստեղ այն է, որ այդ կառուցվածքային վերանայումները՝ որոնցից կախված է Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրը, քանի որ նա վերափոխումների կգնա զուտ այդ, ոչ թե անձնական տեսլականի, արժեքների եւ գաղափարների մղումով, անհնարին են դառնում առանց տնտեսական ռեսուրսների նախնական գերկենտրոնացման:
Սերժ Սարգսյանն այժմ կանգնած է այդ բարդ խնդրի լուծման առաջ: Ներհամակարգային տնտեսա-քաղաքական գործոնները նա կարծես թե կարողացել էր իր համար բարեհաջող դասավորել ընտրական ցիկլի արդյունքում, բայց բնությունն ու արտաքին զարգացումները հաշվարկելն իհարկե բարդ կլիներ անգամ գրոսմայստերական կարգի պարագայում, հատկապես, որ եթե ներսում Սարգսյանն ունի հաշվարկի ազատություն եւ հաշվարկող սուբյեկտ է, ապա արտաքին առումով ինքն է հաշվարկի օբյեկտ:

Հակոբ Բադալյան