Այսօր՝ մայիսի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայի բնակիչ, 20-ամյա Արտուր Սուքիասյանը վարելով Lexus մակնիշի 85 QA 888 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոցի պողոտայում՝ «Ավիատրանս» ընկերության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, երբ վրաերթի վայրից մի քանի մետր այն կողմ գետնանցումն էր: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Նաիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը, ում կողմից փաստի առիթվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է, որ պարզվել է՝ վրաերթի ենթարկվածը 50-ամյա Վլադիկ Առաքելյանն է, ով Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնօրենն է: Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդը ենթարկվել է բժշկական հետազոտության, և պարզվել է, որ եղել է սթափ վիճակում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի