Նշենք, որ անձնագիրը' Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար:
Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր' անկախ տարիքից:

Մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին' 5 տարի վավերականության ժամկետով:

Ընդ որում, մինչև 16 տարեկան արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում' պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:

Գործունակ քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:

Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա:

Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:

Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

Մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն:

Հայտարարությանը կցվում է երեխայի բնակության վայրը որոշելու' նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը:
Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության մարմին, օտարերկրյա պետություններում' Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Ծանուցում՝ ՀՀ Քաղաքացու անձնագրի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը:

Իրավաբան.net