Զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած ցանկացած քաղաքացի' ՀՀ ոստիկանությունից զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար թույլտվություն ստանալուց հետո:
Եթե քաղաքացին թույլտվություն է ստանում, իրավունք ունի ձեռք բերել անփող հրազեն, գազային ատրճանակ, ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցեն ՀՀ ոստիկանությունում:
«Թույլատրվում է գրանցվել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան հինգ միավոր, թույլտվությունը տրվում է մինչև հինգ տարի ժամանակով»,- Իրավաբան.net-ին հայտնել է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու' Արա Ղարագյոզյանը:
Իրավաբանի փոխանցմամբ' օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետում նշված ողորկ-երկրափող հրազենը քաղաքացին ՀՀ ոստիկանության կողմից տրված թույլտվության հիման վրա իրավունք ունի ինքնապաշտպանության նպատակով ձեռք բերել' առանց այն կրելու իրավունքի, քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել ոչ ավելի, քան երեք միավոր որսորդական ակոսափող հրազեն և հինգ միավոր որսորդական ողորկ-երկրափող հրազեն, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված զենքի տեսակները հավաքածուները կազմելու օբյեկտ են:
Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ քաղաքացուն, զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա, ՀՀ ոստիկանությունը տալիս է այն պահելու, իսկ օդաճնշիչների, ինչպես նաև սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանամ այն պահելու և կրակելու թուտվությունը' 5 տարի ժամկետով:
«Որպես կանոն, զենքի ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ՀՀ ոստիկանություն ներկայացնել սահմանված ձևի դիմում, բժշկական եզրակացություն' զենքի տիրապետման խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթոուղթ և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր»,- ասում է Արա Ղարագյոզյանը:
Զենքի տիրապետման խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը որոշում է ՀՀ կառավարությունը: